30/09/2010 14:57
Սերգո Երիցյան. «Դեմ չեմ երկրում օտարալեզու դպրոցների վերաբացմանը»
«Օտարալեզու, այլընտրանքային դպրոցներ կան բոլոր երկրներում, և ես դեմ չեմ երկրում օտարալեզու դպրոցների վերաբացմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը:
Նրա խոսքով, շատ հաճախ օտարալեզու դպրոցների խնդիրը չափազանցված է ներկայացվում. «Մենք չպետք է մեր կրթական համակարգը միջազգային չափանիշներից զրկենք և մեր խեցու մեջ պարփակվենք: Պետք է ինտեգրվել միջազգային ասպարեզ, իսկ դա անել միայն հայերենով` ուղղակի հնարավոր չէ»,- ասաց Ս. Երիցյանը` հավելելով, որ պետք է, սակայն, այդ ամենն անել` պահպանելով հայեցիությունն ու ազգայինը:
Ս. Երիցյանը նշեց նաև, որ ներկա օրենսդրությունը սկզբունքորեն մայրենի լեզվի դեմ է: Բանախոսը նշեց, որ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու հարցով, որի արդյունքում, հնարավոր կլինի «հստակեցումներ և ճշգրտումներ կատարել, ախտորոշել լեզվական խախտումները»:
Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատարի խոսքով, օրինագիծն այժմ քննարկվում է Արդարադատության նախարարությունում: