11/10/2010 16:37
Գիտաժողով` նվիրված Գերմանիայի վերամիավորման 20-ամյակին
Հոկտեմբերի 11-ից 13-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա Գերմանիայի վերամիավորման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:
Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին ԵՊԼՀ-ի Գերմաներենի ամբիոնից, Գերմանիայի վերամիավորման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի խորագիրն է «Պատմական փաստերի և երևակայականի հարաբերակցության խնդիրը 20-21-րդ դարերի գերմանախոս և համաշխարհային գրականության մեջ»:
Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը, շատ զեկուցողներ:
«Գիտաժողովը տեղի է ունենում Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների հայկական միավորման շրջանակներում, ֆինանսավորվել է DAAD-ի կողմից»,- տեղեկացրեցին գերմաներենի ամբիոնից:
Միջոցառումը կազմակերպվում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Գերմաներենի ամբիոնի, DAAD-ի` Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության և AADL-ի` Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների հայկական միավորման համատեղ ջանքերով:
Հարկ է նշել, որ գիտաժողովին կմասնակցեն Հայդելբերգի համալսարանի դոկ. պրոֆ. Գերտրուդ Մարիա Ռյոշը, Դյուսելդորֆի համալսարանի դոկ. պրոֆ. Սիբիլե Շյոնբորնը, պրոֆեսորներ Թբիլիսիի և Քութայիսիի համալսարաններից:
Գիտաժողովին ներկա կլինեն հյուրեր Գրականության ինստիտուտից, ԵրՊՀ-ից, Մանկավարժական, Ֆրանսիական և Սլավոնական համալսարաններից: