29/10/2010 20:36
ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը:
Նախ, քննության առնվեց «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հիմնավորումներով հանդես եկավ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության տեղեկացմամբ` կառավարության լիազոր ներկայացուցչի հաղորդմամբ` փրկարար ծառայության խնդիրները, գործառույթները լիարժեք իրականացնելու և համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն օրենսդրորեն ամրագրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու կառույցի ծառայողների ուսուցման գործընթացը, ինչպես նաև ուսման ավարտից հետո ծագած մի շարք իրավական հարցեր, որոնք ուղղակի առնչություն ունեն նրանց ուսման և պետության կատարած համապատասխան ծախսերի հետագա փոխհատուցման հետ:
Դրական էր գլխադասային` պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ` Ժաննա Գալստյան) եզրակացությունը:
Սակայն քննարկման ընթացքում տարաձայնություն ծագեց օրինագծի մեկ առանձին դրույթի կապակցությամբ:
Այդ իսկ պատճառով հետաձգվեց քվեարկությունը: Խնդիրը հարթվեց` նիստի ընդմիջմանը վիճելի հարցին անդրադառնալուց հետո միայն: Օրենքն ընդունվեց:
Հաջորդ օրակարգային հարցը վերաբերում էր «Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Լիցենզավորման մասին»ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթին:
Կառավարության լիազորմամբ այն ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Գրիգոր Մարտիրոսյանը: Նա նշեց, որ առաջարկվող փաթեթի ընդունումը բարենպաստ պայմաններ կստեղծի հանրապետության թանկարժեք մետաղների ոլորտի զարգացման համար, ինչպես նաև հնարավորություն կտա խստացնել հսկողությունը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի նկատմամբ և պաշտպանել այդ իրերի սպառողների շահերը:
Ներկայացնելով գլխադասային` արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն առաջարկեց այն ընդունել առաջին ընթերցմամբ` լրացուցիչ քննարկման ու լրամշակման նպատակով:
Տևական բանավեճից հետո խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց հանձնաժողովի առաջարկությանը:
Ի տարբերություն օրակարգի նախորդ հարցերի, «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նիստում ներկայացրեց ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ Գեղամ Խաչատրյանը, տարակարծությունների տեղիք չտվեց:
Օրինագծով առաջարկվում է Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի կազմում ձևավորվող գյուղին տալ բնակավայրի կարգավիճակ և այն անվանակոչել Նոր Ջրաբերդ` հիմք ընդունելով բնակիչների և հովանավորների ցանկությունը:
Դրական էր գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահի տեղակալ` Հովիկ Ջիվանյան) եզրակացությունը: Օրենքն ընդունվեց:
Առարկությունների տեղիք չտվեց նաև «Դատախազության մասին»ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ԼՂՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն` արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը նշեց, որ այդ օրենքների ընդունումը բխում է ԼՂՀ դատական բարեփոխումների շարունակական գործընթացից և պայմանավորված է ԼՂՀ դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերի բարձրացմամբ:
Դրական էր գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ` Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը: Օրենքն ընդունվեց:
Նիստն այնուհետև օրենսդրական փաթեթի տեսքով քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք կառավարության լիազորմամբ ներկայացրեց սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:
Նշվեց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն օրենսդրորեն կարգավորել ու հստակեցնել տարիքային և սոցիալական տարբեր խմբերի քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման, դադարեցման, վերսկսման, միասնականացման, թաղման ծախսերի վճարման և այլ հարակից խնդիրները:
Փաթեթի վերաբերյալ` առանձին նկատառումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական էր գլխադասային` սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ` Զոյա Լազարյան) եզրակացությունը:
Այդ ընթացքում էր, երբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի և Արա Բաբլոյանի ուղեկցությամբ ԱԺ նիստերի դահլիճ մտան ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Դամիեն Աբադը և Միշել Ռիվազին, Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը, եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտը:
ԱԺ նախագահը նիստի մասնակիցների անունից ջերմորեն ողջունեց հյուրերին` գոհունակություն հայտնելով խորհրդարան կատարած նրանց այցի կապակցությամբ:
Մի կարճ ժամանակ հետևելով նիստի ընթացքին, հյուրերը հեռացան դահլիճից` իրականացնելու համար այցի ծրագրային հանդիպումները:
Նիստի աշխատանքը շարունակվեց խնդրո առարկա օրինագծերի փաթեթի շուրջ մտքերի աշխույժ փոխանակությամբ:
Քննարկման ընթացքում պատգամավորները հանդես եկան մի շարք նկատառումներով ու տեսակետներով: Արդյունքում` քվեարկության դրվելով, օրենսդրական փաթեթը ձայների մեծամասնությամբ ընդունվեց:
Նիստն աշխատանքն ավարտեց պատգամավոր Վահան Բադասյանի պատգամավորական հայտարարությամբ` կապված «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ սակագնային քաղաքականության հետ: