30/10/2010 16:57
Ստորագրահավաք` էմոների դեմ
«Մենք կազմակերպել ենք ստորագրահավաք, որով պահանջում ենք մաքրել և մշտական հսկողության տակ առնել Մանկական երկաթուղու թունելը, որը դարձել է էմոների հավաքատեղի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ստորագրահավաքի նախաձեռնող Արա Հարությունյանը:
Նա նշեց, որ այդ հատվածը հատկապես մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ դա դեպի երկաթուղի տանող միակ ճանապարհն է, որով ամեն օր անցնում են բազմաթիվ երեխաներ. «Պատերի վրա պատկերված տարօրինակ նշաններն ու հայհոյանքներն ինֆորմացիայի աղբյուր են այն երեխաների համար, ովքեր կարող են հետաքրքրվել և ներքաշվել նման շարժումների մեջ»:
Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ստորագրահավաքին, առաջին հերթին, մասնակցել են երեխաների ծնողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, մարդիկ, ովքեր բավականաչափ տեղեկություններ ունեն խնդրի վերաբերյալ:
Բանախոսը նկատեց, որ Մանկական երկաթուղու թունել էմոներն արդեն իսկ սկսել են ավելի քիչ մտնել, սակայն այն պետք է վերջնականապես մաքրել և բարեկարգել:
Հարությունյանը կարևորեց նաև այն, որ Հայաստանում շատ մեծ ուշադրություն է դարձվում էմոներին, մինչդեռ այդ սուբկուլտուրան ամենավնասակարը չէ: Մեր երկրում, ինչպես նշեց բանախոսը, գործում են նաև գոթերի և սատանիստների շարժումները, որոնք շատ ավելի մեծ վնաս կարող են հասցնել հասարակությանը:
Ակցիայի կազմակերպիչներն իրենց ստորագրահավաքի նամակը Երևանի քաղաքապետարան կհանձնեն հաջորդ շաբաթ: