30/10/2010 14:57
Բարեգործական համերգ` մանկատների երեխաների համար
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 31-ին ժամը 18:45-ին Արամ Խաչատրյան համերգասարհում կազմակերպել է բարեգործական համերգ «Արևելք-Հայաստան» խորագրի ներքո, որի ժամանակ լինելու է հանգանակություն` ի նպաստ Խարբերդի և «Զատիկ» մանկատների երեխաների:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանը և նշեց, որ միջոցառումը անցնում է ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ:
Բանախոսը նաև նշեց, որ միջոցառման գլխավոր աջակիցներն են Հնդկաստանի և Սիրիայի դեսպանատները:
«Համերգը ունի և’ բարեգործական բնույթ, և’ կարևոր մշակութային նշանակություն, քանի որ միջոցառումը մի կամուրջ է լինելու Հայաստանի և Արևելյան երկրների միջև»,- շեշտեց Բ. Մովսիսյանը:
Ըստ նրա` համերգի ժամանակ հնչելու է հայկական, չինական, կորեական, հնդկական, ճապոնական, սիրիական երաժշտություն: Սիրիայի և Հնդկաստանի դեսպանները խոստացել են դեսպանատան կողմից հանգանակություն տրամադրել Խարբերդի և «Զատիկ» մանկատների համար:
Բագրատ Մովսիսյանը շեշտեց, որ միջոցառմանը ներկա գտնվելու համար Խարբերդի և «Զատիկ» մանկատների երեխաներին քաղաքապետարանը տրամադրել է ավտոբուսներ: