06/11/2010 15:15
«Զատիկ» և Խարբերդի մանկատներին 75430 դրամ է փոխանցվել
Հոկտեմբերի 31-ին «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից անցկացված բարեգործական երեկոյի ընթացքում Երևանի «Զատիկ» և Խարբերդի մանկատներին աջակցության նպատակով տեղադրված հանգանակության արկղերում ընդհանուր գումարը կազմել է 75430 դրամ, որը ամբողջությամբ փոխանցվել է Երևանի «Զատիկ» և Խարբերդի մանկատներին, այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀԿ փոխնախագահ Համբարձում Հայրապետյանը:
Նա նշեց, որ թեև հանգանակած գումարն իր չափով մեծ չէ, այն սրտանց է նվիրաբերվել բարեգործական համերգին ներկա գտնվող հանդիսատեսների կողմից, որոնց թվում էին արևելյան երկրները ներկայացնող դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները: Բանախոսն ընդգծեց, որ մանկատներին նվիրատվություն էր արել անձամբ Հայաստանում Սիրիայի դեսպան Աբդուլ Համիդ Սալլումը:
ՀԿ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին` միջոցառմանն աջակցելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին` «Զատիկի» և Խարբերդի մանկատների սաներին «Արամ Խաչատրյանի» համերգասրահ տեղափոխելու համար:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ բարեգործական համերգի կազմակերպման և հանգանակությունների հավաքագրման ընթացքում տեղական որևէ խոշոր գործարարից աջակցություն այդպես էլ չի եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Արևելք-Հայաստան» բարեգործական երեկոն, որի նպատակն էր աջակցել «Զատիկ» և Խարբերդի մանկատների սաներին: Համերգին ներկա անձինք կարող էին մասնակցել մանկատների օգտին կազմակերպված հանգանակությանը։ Բարեգործական համերգն անց էր կացվում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն էր Aysor.am լրատվական կայքը: