17/11/2010 18:31
18 հարկանի բարձրահարկ` «Վիշապի կոթողներ» այգում
Նոր Նորք վարչական շրջանի Գայի 19/71 հասցեում գտնվող «Վիշապի կոթողներ» այգու մոտ 2 հազար քմ տարածք պարսպապատվել է. «ԿԱԷՌ - Քնսթրաքշն» ՍՊԸ-ն բազմաբնակելի շենք է կառուցում` 18 հարկ:
Կազմակերպությունն ունի քաղաքապետարանի թույլտվությունը, որի համաձայն` շինարարությունը կարող էր սկսել նոյեմբերի 8-ից (տարածքը ալյումինե թիթեղով պարսպապատվել է նոյեմբերի 15-ի երեկոյան):
Ներկայում հատվել են մի քանի ծառեր. սկզբի համար տեղ են բացում վերգետնյա գազի խողովակը գետնի տակով անցկացնելու համար:
«Հայաստանում էդ ծառ հատելու կլյաուզան հա էլ եղել է էլի, բայց բոլորն էլ տեղյակ են` թե' քաղաքապետարանը, թե' կանաչապատումը»,- ասում է շինարարության վրա աշխատող Մհեր Մանուկյանը:
Այգում շուրջ 200 ծառ կա, որոնցից ամենամեծը 30 տարեկան է:
«Մարդիկ գալիս, նստում, հանգստանում են, երեխաներին բերում են կարուսել, իսկ հիմա ողջ այգիները գրավել են. որը` մառոժնիանոց, որը` ճաշարան. սա ի՞նչ է, մաքուր օդի տեղ չեն թողնում: Մի 15 տարի առաջ գազալցակայան էին ուզում սարքել, էնքան բողոքեցինք, ցանկապատը քանդեցին, հիմա էլ սա են սկսել»,- բողոքում է 50 տարուց ավելի Նորքի Մասիվում բնակվող Մելս Շարբաթյանը: Իսկ այգու հարակից շենքի բնակիչ Սամվել Սիմոնյանն էլ չի հասկանում, թե ինչ իմաստ ունի 18 հարկանի շենք կառուցելը` մյուս բարձրահարկերի կողքին: Նա համոզված է, որ այս անգամ էլ է բողոքի ալիք բարձրանալու:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հավաստում է, որ կառուցապատման ենթակա տարածքը տարիներ շարունակ մասնավորեցված է եղել և փոխել է 4-5 սեփականատեր:
Ի դեպ, Քաղաքապետարանի թույլտվության մասին գրության մեջ հատուկ պայման է նշված կառուցապատողի համար` համաձայն քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ հոդվածի` «կառուցապատողը, նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասի փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ»:
Ասատրյանի պարզաբանմամբ` վնաս կրող սուբյեկտ կարող են հանդիսանալ, օրինակ, շինարարության ընթացքում հարևան սեփականատերերը, իհարկե, վնասը պետք է ապացուցելի ու հիմնավորված լինի. «Պատկերացրեք ես իմ տունն եմ սարքում ու անփութության արդյունքում վնասում կամ թուլացնում հարևանի հիմնական պատը»:
Վարչության պետի համոզմամբ` այգին չի կարող լինել վնաս կրող սուբյեկտ, քանի որ բազմաթիվ տեղեր շինարարություն է իրականացվում ու այգի չի վնասվում, սակայն եթե որևէ վնաս հասցվի, ապա փոխհատուցում անպայման կլինի: