10/12/2010 16:45
ԱՄՆ ՄԶԳ/ՀՌԿԿ-Հայաստան. «Կոռուպցիան կյանքի փաստ է»
Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ներկայացրեց 2010 թ. Հայաստանի բնակչության շրջանում անցկացված Կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները, որը ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) կողմից հանձնարարվել էր իրականացնել Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոններ-Հայաստան-ին (ՀՌԿԿ):
ԱՄՆ ՄԶԳ/հայաստանյան առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ստիֆեն Բրեյգերը հայտնեց, որ արդյունքները նախնական են, իսկ վերջնական տվյալները կհրապարակեն 2011 թ. փետրվարին:
ՀՌԿԿ ծրագրի ղեկավար Եվգենիա Պատուրյանը նշեց, որ հետազոտությունը տեղեկացնում է կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, միջազգային հանրությանը, ԶԼՄ-ներին և հասարակությանը, թե հայերի կարծիքով ինչպես է երկրում ընթանում պայքարը կոռուպցիայի դեմ:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ ավելի ու ավելի քաղաքացիներ են Հայաստանում կարծում, որ կոռուպցիան կյանքի փաստ է»,- ասաց Ե. Պատուրյանը:
Ըստ հարցման արդյունքների` կոռուպցիան հայտնվել է Հայաստանի համար 5 լրջագույն հիմնախնդիրների ցուցակում: Հարցվողների կեսից ավելին գտնում է, որ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է Հայաստանում, և նույնիսկ ավելի շատ մարդիկ կարծում են, որ ոչինչ չեն կարող անել կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Նշենք, որ ՀՌԿԿ-Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացրել է կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի 3 հարցում (2008 թ., 2009 թ. և 2010 թ.), որոնցում ընդգրկվել են մինչև 1550 հարցվողներ: