01/02/2011 16:19
«Որևէ քաղաքական ուժ բնապահպանական հայեցակարգ չունի»
«Որևէ քաղաքական ուժ` այդ թվում նաև ընդդիմադիր, ամբողջական բնապահպանական հայեցակարգ չունի»,- «Սարդարապատ» շարժման կողմից ստեղծված Ազգային խորհրդարանի «Բնապահպանության» հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ այս մասին նշեց «Էկոդար» ՀԿ-ի նախագահ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրայր Սվազյանը:
Հրայր Սվազյանը նաև փաստեց, որ այսպիսի հայեցակարգի ստեղծումը կարող է հանձնաժողովի գործունեության գլխավոր շարժառիթը դառնալ:
Ըստ Հրայր Սվազյանի` Հայաստանում բնապահպանական շարժումները խիստ տարանջատված են, և նրանց որոշակի միավորումը կարող է շատ դրական դեր խաղալ:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը նշեց, որ քաղաքական գործիչները շատ հաճախ շահարկում են բնապահպանական խնդիրները որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու համար` ամենևին նպատակ չունենալով գոնե որոշակիորեն լուծել դրանք:
Այս համատեքստում, ըստ Հարություն Մեսրոպյանի, բոլորովին կապ չունի` քաղաքական գործիչը ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ:
«Իսկ հետո աչքներս կբացենք և կտեսնենք, որ Հայաստանը անապատացել է»,- հավելեց Հարություն Մեսրոպյանը:
«Մենք ենք քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Ավթանդիլյանը իր հերթին փաստեց, որ Հայաստանում բնապահպանական խնդիրները բովանդակային տեսակետից այդպիսիք չեն, քանի որ դրանց լուծումները բնապահպանական ոլորտում չեն գտնվում, իսկ Բնապահպանության նախարարությունը «սարսափելի քիչ ազդեցության լծակներ ունի, եղած լծակներն էլ չեն օգտագործվում»: