16/02/2011 12:42
Փաստաբան. Ոոստիկանությունն աշխատում է «նախորդ դարի» մեթոդներով
«Ոստիկանական համակարգը մնացել է ամենաչբարեփոխվածը և աշխատում է դեռևս նախորդ դարի սկզբների պլանացուցասնիշային մեթոդներով: Դա գալիս է ոստիկանության անզորությունից, որ չեն կարող նորմալ մեթոդներով աշխատելով` բացահայտել, փորձում են անձի ինքնախոստովանությունը ստանալով` մնացած գործը դասավորել դրա վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Նա 2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի փաստաբանն է:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնից գումար գողանալու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստաբանը նշեց, որ գողությունը «Մոսկվա» կինոթատրոնում կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ առանց ծանուցման տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել:
«Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայությունտ, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները: Ոչ մարդկային մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որ այսօր դրված է քր. գործի հիմքում»,- ասաց Սաֆարյանը:
Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալի ու նրա ընկերոջ մեղքը ապացուցող որևէ փաստ չկա: Ինչ վերաբերում է ինքնախոստովանության փաստին, Սաֆարյանը ԽՍՀՄ իրավական գրքերից մի մեջբերում արեց. «Պետք է այնքան մանրամասն լինի ինքնախոստովանությունը, որ հնարավոր լինի կողմնակի անուղղակի ապացույցներով ապացուցել այդ ցուցմունքի համապատասխանությունն իրականությանը: Այնինչ այս դեպքում դատավորը որևէ նման փորձ չի կատարել»:
Փաստաբանը նշեց, որ այժմ սպասում են դատաքննության հաջորդ փուլերին` հույսով, որ արդարադատություն կլինի ի վերջո, և «Մոսկվա» կինոթատրոնի ներկայացված «մոնտաժված տեսաերզին էլ ամբողջությամբ կգտնի ու կբացահայտվի ողջ հանցագործությունը»: