22/02/2011 11:53
Հայաստանում քաղցկեղից խուսափելու ամենակարճ ճանապարը չծխելն է
Կենսաբանության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը Հայաստանում է: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի, Երևանի պետական համալսարանի և Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի աջակցությամբ, 2011թ. փետրվարի 20-26-ը կազմակերպված գիտական միջոցառման մեկնարկին Թիմ Հանթը լրագրողների խնդրանքով անդրադարձավ քաղցկեղ հիվանդության խնդրին ու աշխարհում դրա տարածվածությանը:
Նա նշեց, որ քաղցկեղն ինքնին բարդ հիվանդություն է, դժվար է շատ տեղեկատվություն ստանալ հիվանդության մասին, բայց հիվանդությունից խուսափելու ամենահեշտ ձևը, ըստ Հանթի, այն է, որ մարդիկ Հայաստանում չծխեն կամ գոնե քիչ ծխեն:
Կենսաբանի խոսքով` սնունդը Հայաստանում շատ օգտակար և առողջարար է, որը «շատ կարևոր է քաղցկեղով քիչ հիվանդանալու համար»:
«Եվրոպայում և Ամերիկայում կանանց շրջանում շատ է տարածված թոքերի քաղցկեղը: Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում կարողացել ենք հասկանալ, որ այն առաջանում է վիրուսից, և դրա դեմ պետք է պատվաստվել: Պատվաստվանյութն արդեն երկու տարի է` կիրառվում է Անգլիայում, շուտով պարզ կլինի դրա տված արդյունքը»,- տեղեկացրեց Թիմ Հանթը:
Անդրադառնալով երիտասարդ հայ կենսաբանների հետ շփմանը` Նոբելյան մրցանակակիրը նշեց, որ շատ կարևոր է անցկացնել նման հանդիպումներ, ապահովել դրանց շարունակականությունը և իրկանացնել փորձի փոխանակում:
Հավելենք, որ FEBS-ի (Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիա) ժամանակակից դասախոսությունների շարքը կրում է «Ժամանակակից գենետիկա. գենոմային անկայունություն և դրա պատասխանները» խորագիրը: