12/03/2011 11:55
«Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը` Գաֆէսճեան կենտրոնում
Մարտի 13-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը:
Ինդուստրիալ դիզայներ, ապակեգործ և նկարիչ Հենրիկ Նիկոյանը ծնվել է 1936թ. մայիսի 17-ին Գյումրիում: Արվեստի առաջին դասերը նա ստացել է ծննդավայրում` Գյումրիի գեղարվեստի դպրոցում, հմուտ մանկավարժ-արվեստագետներ Հ. Անանիկյանի և Շ. Սարգսյանի մոտ: 1956թ. ընդունվում է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության և խեցեգործության բաժին: Ավարտելով ուսումը` Հենրիկ Նիկոյանը վերադառնում է Հայաստան և իր մասնագիտական գործունեությունը ծավալում ինդուստրիալ դիզայնի բնագավառումª որպես դիզայներ և մանկավարժ: Արվեստագետի բազմաժանր ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գեղարվեստական ապակեգործության աշխատանքները, որոնք նորովի են բացահայտում Նիկոյան-արվեստագետի հարուստ ներաշխարհը: Այս մասին հայտնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հենրիկ Նիկոյան. ՏԵՍԻԼՔՆԵՐ ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները, շիկացած ապակու գունային ներդաշնակ ծավալների մեջ մարմնավորելով դիզայների տեսիլային պատկերների աշխարհը, անգնահատելի ներդրում են Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում:
Ցուցասրահը բաց կլինի մարտի 13-ին, ժ. 10.00-ից: Այդ օրը ցուցասրահի մուտքը լինելու է անվճար: