18/04/2011 14:49
Հայոց Ցեղասպանություն իրականացնողների հանդեպ էլ Նյուրնբերգ կլինի
«Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություն» գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ծավալուն աշխատությունը թուրքերն են թարգմանել են Տիգրան Տերօղորմջյանը և Պետրոս Չավիկյանը, իսկ Թուրքիայում գիրքը լույս է տեսնելու այլախոհ գրող, իրավապաշտպան Ռակիպ Զարաքօլուի միջնորդությամբ և հովանավորությամբ` իր տպարանում:
Թուրքիայում Վերժինե Սվազլայնը նույն Ռ. Զարաքօլուի տպարանում հրատարկել է Ցեղասպանության վերաբերյալ երկու գիրք, որոնք երիտասարդ թուրքերը, բանախոսի ներկայացմամբ` «տաք հացի նման տանում էին»:
«Նրանք ինֆորմացիայի կարոտ են, նրանք դպրոցում ուրիշ բան են անցել»,- շեշտեց գրքի հեղինակը և հավելեց, որ թուրքերը կարդալով սկզբում վրդովվում էին, էլեկտրոնային փոստով հեղինակին նամակներ էին գրում, բայց հետո Վ. Սվազլայնը ուղարկել է նամակներ, ցիտատներ, վերապրողների հուշերը և նրանք ներողություն էին խնդրում և գրում էին. «չգիտեինք` մեզ դպրոցում ուրիշ բան են սովորեցրել»:
Վերժինե Սվազլայնը համոզված է, որ եթե հրեական Հոլոքոստին ի պատասխան ժամանակին եղավ Նյուրնբերգը, ապա Հայոց Ցեղասպանություն իրականացնողների հանդեպ էլ կլինի` թեկուզ ուշացումով:
Բանախոսը հույս հայտնեց, որ Հայոց Ցեղասպանության միջազգայնացման և ճանաչման ճանապարհին «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություն» եռալեզու հրատարակությունը միջազգային հնչեղություն կունենա:
«Մեր կառավարության և Հայ դատի հանձնախմբի ջանքերը հենց գնում են նրան, որ այդ հարցը հասնի իր կուլմինացիային»,- շեշտեց Վերժինե Սվազլյանը: