04/05/2011 14:47
Խելախոսները «հասկանում են» հայերեն
Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում են» հայերեն: Նման խորագրով միջոցառում այսօր տեղի ունեցավ Երևանում, որի նախաձեռնողներն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը և hy-AM.org-ը:
«Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը ներկայացրեց ծրագրի արդյունքներր. «Ծրագիրը նպատակ էր հետապնդում խթանել ինֆորմացիայի հասանելիությունը հայերեն լեզվով: Այն հնարավորություն է ընձեռում սմարթֆոններում և շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր և այլն»:
Մինչ այժմ հայերեն տեքստի փոխարեն բջջային հեռախոսների մեծ մասում վանդակներ էին երևում: Այժմ հայերենը հնարավոր է դառնում կարդալ Անդրոիդ, Մաեմո, ՄիԳո, Սիմբիան և Վինդոուզ մոբայլ համակարգերով աշխատող սարքերում: Բոլոր համակարգերում, բացի Սիմբիոնի, հնարավոր է դառնում նաև հայերեն լեզվով մուտքագրումը:
«Այսպիսով, ստանում ենք հայերեն ծածկույթ գրեթե ողջ հեռախոսներում, եթե ոչ գրելու, ապա գոնե կարդալու համար»,- ասաց Ա. Չալաբյանը` հավելելով, որ եթե կառավարությունը և ներկրողները ջանքեր գործադրեն, ապա առաջիկա մի քանի տարում խնդիրը լիովին կլուծվի:
Հայերեն տառատեսակների ստեղծող Ռուբեն Թառումյանը ներկայացրեց տառատեսակները և հատուկ խնդրեց` «սմարթֆոնի» փոխարեն կիրառել «խելախոս» բառը, քանի որ հայերենն անգլերենից շատ ավելի հարուստ լեզու է:
Ռ. Թառումյանը նաև անհանդուրժելի համարեց այն փաստը, որ Հայաստան ներկրվող ստեղնաշարերը չունեն հայերեն մակագրություններ: Նա դիմեց կառավարությանը` արգելել առանց հայերեն մակագրությունների ստեղնաշարերի ներկրումը:
Տառատեսակները հեշտությամբ տեղադրվում են հեռախոսների մեջ հատուկ ստեղծված ծրագրերի` տեղակայիչ փաթեթների օգնությամբ: Գործընթացն այնքան պարզ է, որ հեռախոսների հայաֆիկացումը կարող է կատարել ցանկացած շարքային օգտագործող և, հավելելով սարքերում առկա տառատեսակները հայերեն նիշերով, հնարավորություն ստանալ հայերեն տեքստերը կարդալ կարճ հաղորդագրությունների, կայքերի, էլ-փոստի, փաստաթղթերի, էլեկտրոնային գրքերի, բառարանների, հանրագիտարանների, քարտեզների և սոցիալական ցանցերի հետ աշխատելիս:
Հայերեն տառատեսակները տեղակայող ծրագրային փաթեթները հասանելի են անվճար ներբեռման և տեղադրման համար http://b.hy-am.org կայքից։ Ստեղծած տառատեսակներն ու լուծումները տարածվում են անվճար, բաց ծրագրային կոդով, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ոչ միայն դրանց ազատ օգտագործումն ու տարածումը, այլ դրանց հետագա վերամշակումը և զարգացումը։