07/05/2011 13:04
Լինուքսի փառատոն` Երևանում, Գյուրիում և Վանաձորում
Այսօր Երևանում, Գյուրիում և Վանաձորում կազմակերպվեց «GNU/Linux Install Fest» խորագրով միջոցառում, որի ժամանակ «Ինստիգեյթ» ընկերության մասնագետները ցանկացողներին օգնեցին համակարգչի վրա տեղադրել անվճար ծրագրեր` ԳՆՈՒ/Լինուքս օպերացիոն համակարգ, գրասենյակային փաթեթ, մուլտիմեդիա ծրագրեր, հայերեն տառատեսակներ, ինչպես նաև կարգավորել համացանցային միացումները՝ WiFi, dial-up և այլն:
Ընկերության գործադիր տնօրեն Արման Պողոսյանը մասնակիցներին ներկայացրեց ԳՆՈՒ/Լինուքս-ի հնարավորությունները, առավելությունները. «Գոյություն ունեն համակարգչային շարքային օգտագործողների 99 %-ի պահանջներին բավարարող անվճար ծրագրեր՝ գրասենյակային, մուլտիմեդիա, համացանցային, գրաֆիկական։ Այդ մարդկանցից շատերը նույնիսկ չեն էլ կասկածում, որ հնարավոր է ունենալ նորմալ աշխատող համակարգիչ առանց Microsoft Windows, Apple օպերացիոն համակարգի կամ էլ առանց Adobe Photoshop գրաֆիկական խմբագրիչի»: Ընդ որում, Լինուքսը համատեղելի է մյուս օպերացիոն համակարգերի հետ և ոչ մի խոչընդոտ չի առաջացնում օգտագործողի համար:
Ա. Պողոսյանի խոսքով, աշխարհում օգտագործվող 3 հիմնական օպերացիոն համակարգերից` Վինդոուզ, Մաքոս և Լինուքս, վերջինս կայուն է տարատեսակ վիրուսների նկատմամբ:
Լինուքսի փառատոն է կազմակերպվելու նաև Ստեփանակերտում: Այն կկայանա մայիսի 21-ին: Տարվա ընթացքում նման փառատոնները կշարունակվեն հանրապետության տարբեր քաղաքներում: Միջոցառման նախաձենողներն են «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն, «Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» ՀԿ-ն: