01/06/2011 10:27
Նկարչական մրցույթ կենդանաբանական այգում
Այսօր Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի Համահայկական նկարչական 4-րդ մրցույթը: Այն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և վերջինիս գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:
Ամենամյա մրցույթի նպատակն է` համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում:
«Սանչայլդ» բնապահպանական կամակերպության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր նկարչական եռուզեռը կսկսվի առավոտյան ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ժամը 16:00-ը:
Ըստ տեղեկատվության` այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, FPWC-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանելու են իրենց ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը:
Միջոցառման շրջանակներում պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով թղթերից բացի կգունազարդեն նաև կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղաններ: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, սեղանները կվերադարձվեն կրթօջախներ:
Կազմակերպությունից տեղեկացնում են, որ այսօր Կենդանաբանական այգու այցելուներին նկարչական տոնից բացի այլ անակնկալներ են սպասվում` կենդանի երաժշտություն, բազմաբնույթ խաղեր, թատերական բեմադրություններ:
Միջոցառումն իրականավում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իսկ երեխանի ազատ մուտքն այգի ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: