06/06/2011 14:25
Ի՞նչ է կատարվում Շվեյցարիայի Հայոց թեմում` ըստ դիվանապետի
Շվեյցարիայի Հայոց թեմում հնազանդություն չի դրսևորվել, իսկ անհնազանդություն դրսևորողներն իրենց դրել են եկեղեցական կառույցից դուրս: Այսօր ասուլիսում հայտարարելով այս մասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, նկատեց, որ ավանդաբար սա եկեղեցական իշխանության կողմից դատապարտվում է նզովքով, կամ վտարմամբ, կամ հաղորդությունից զրկելով:
Նա հայտնեց, որ Շվեյցարիայի թեմը հիմնվել է 1992 թ. Վազգեն Առաջին կաթողիկոսի կողմից. «Դե յուրե հաստատված լինելով, տեղի որոշ անձերի կամայականությունների, ընդվզումների ազդեցությամբ դե ֆակտո չի կայացել և թեմական կառույցները չեն գործել»: Այս ընթացքում, ըստ դիվանապետի, կաթողիկոսների կողմից կարգադրություններ են եղել թեմական կառույցը կազմակերպելու ուղղությամբ, սակայն անարդյունք, և Աբել քահանան չի ենթարկվել եկեղեցական իշխանություններին:
Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ մինչ այս հնարավորություն է տրվել Աբել քահանային ճիշտ ուղի ընտրել, բայց հիմա Աբել քահանան կարգալույծ է արվել. «Կանոնական ասպեկտով Աբել քահանան այլևս քահանա չէ, բայց երբ իբրև չքահանա շարունակում է քահանայագործել, սա վերաբերում է խնդրի իրավաբանական կողմին: Եկեղեցին փաստացի գտնվում է Աբել քահանային աջակցող եկեղեցական վարչության տնօրինության տակ: Ժամանակ է հարկավոր, մինչև որ եկեղեցին հնարավոր լինի տրամադրելի դարձնել Էջմիածնի կողմից նշանակված եկեղեցականին` Մեսրոպ վարդապետ Պարսամյանին»:
Հարցին, թե ինչո՞ւ Աբել քահանան չի հնազանդվում եկեղեցական իշխանությանը, դիվանապետը պատասխանեց. «Նյութական շահագրգռվածություն ունի և չի ուզում դրանից հրաժարվել: Աբել քահանան ստանում է ամսական 8 հզ. ֆրանկ աշխատավարձ, 7.5 տարվա պայմանագիր ունի և, կարծում եմ, չափազանց դժվար է նրա համար հրաժարվել այդ գայթակղիչ գումարից: Պայմանագիրը եկեղեցական խորհրդի հետ է, որը ներկայացվում է իբրև թե անդամական ժողով»:
Որպես Աբել քահանայի անհնազանդության փաստեր` դիվանապետը նշեց. «Կանադայում քահանայագործում էր, առանց Շվեյցարիայի հայոց թեմի և Կաթողիկոսի գիտության, ինքնակամորեն ժամանել է ծառայություն իրականացնելու Շվայցարիայում: Գարեգին առաջին կաթողիկոսը հրամայում է դադարեցնել իր գործունեությունը և վերադառնալ, մինչև հրաման կլինի: Անտեսվում է: Քանիցս պատվիրակություններ են ժամանում, հրաժարվում է հարցը քննարկել: Վեհափառի կողմից երկիցս կարգադրվել է ժամանել Էջմիածին, սակայն նա պատճառաբանություններ է բերում համայնքի անհանգիստ կացությունը և մերժում է»: Վանական խորհրդին ներկայանալը, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի համաձայն, Աբել քահանան նվաստացուցիչ է անվանել:
Մինչդեռ, երբ Աբել քահանան պատրաստակամություն է հայտնել հանդիպել և քննարկել Վեհափառի հետ, հաջոր օրը` հունիսի 1-ին, Մար Աթոռ նամակ է ուղարկվում իրավաբանի կողմից` հասցեագրված Կտրիճ Ներսիսյանին (վերհափառի աշխարհիկ անունն է), որում ասվում է, թե «եթե կարգալույծ անեք Աբել քահանային, մենք տեղի` Շվեյցարիայի օրենքներով կփորձենք պաշտպանել Աբել քահանային և քրեորեն պատժել Ամենայն Հայոց կաթողիկոսին, քանի որ եկեղեցական խորհւորդն է Աբել քահանայի գործատուն»: