22/06/2011 18:05
Դավիթ Ֆահրադյանը` Գինեսի եռակի ռեկորդակիր
450 պտույտ. «մեկ պտույտ հետ տար» մարզաձևում այս թիվը աշխարհում և «Գինեսի գրքում» չգերազանցված արդյունք է:
Այսօր Բրյուսովի անվան համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը դարձավ Գինեսի եռակի ռեկորդակիր:
Դեռևս 2009 թ-ին, երբ Դավիթը կատարել էր 350 պտույտ, համալսարանը դիմել էր Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ` Դավիթ Ֆահրադյանին` որպես ռեկորդակիր գրանցելու համար: Նշենք, որ Դավիթը ռեկորդ է սահմանել թե’ մեկ, թե’ երկու ձեռքով պտույտների ժամանակ:
Դավիթ Ֆահրադյանի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Քեշիշյանն ասաց, որ մինչ Գինեսի ռեկորդների գրքին հասնելը, մեր չեմպիոնի հաղթանակը կգրանցվի նախ հայկական «Դյուցազնագրքում»: Նրա խոսքերով` այս տեսագրությունը նոյեմբեր ամսին կուղարկվի Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ:
Դավիթ Ֆահրադյանը գրասենյակի հետ պայմանագիր ունի կնքած, ինչը, Դավիթի խոսքով, նշանակում է, որ, եթե որևէ այլ մարզիկ, թեկուզ, մեկ պտույտով գերազանցի իրեն, ինքն այդ մասին կտեղեկացվի` ցանկության դեպքում նորից փորձելու համար:
«Ճիշտ է, մեկ անգլիացի իմ 350 պտույտից հետո ինձ գերազանցել էր, բայց այսօր ես կանեմ ամեն ինչ, որպեսզի կրկին վերադարձնեմ չգերազանցված ռեկորդակրիս կոչումը: Եվ ասեմ, որ այսօրվա հաղթանակի դեպքում այլևս գրասենյակ չենք գնա: Նրանք իմ նախորդ տվյալները կթարմացնեն»,- ասաց Դավիթը:
Հաղթական 450-րդ պտույտն իրականացնելուց հետո, մեր երկրի և աշխարհի արդեն եռակի չեմպիոնը, մի կողմ դնելով հոգնածությունը, կիսեց իր ուրախությունը. «Սա բարոյական հաղթանակ է` իմ Հայրենիքի անվան ու պատվի համար»: