29/06/2011 13:01
Բանաձև Հայոց ցեղասպանության մասին` միջխորհրդարանական վեհաժողովում
Հունիսի 23-ին Փարիզում անցկացվող 18-րդ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում «Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձև է ընդունվել: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով` բանաձևը ներկայացվել է իրենց կողմից` մինչ այդ խորհրդակցելով դիվանագետների ու այլ մասնագետների հետ:
«Քննարկումները բավականին բուռն էին. մենք ընդվզեցինք բանաձևի բանավոր ընդունման դեմ, քանի որ այն որևէ հիմք չէր կարող լինել: Մենք հասկանում էինք, որ ապրիորի էր առաջարկվում` այսինքն` ուսումնասիրել պատմական անցքերը, բայց մենք պնդեցինք, որ դա միայն կարող է վերաբերել Թուրքիային, քանի որ մենք պատմական անցքերն ուսումնասիրելու կարիք չունենք»,- ասաց Մ.Մինասյանը` հավելելով, որ իրենց համար անսպասելիորեն բանաձևին կողմ են քվեարկել նաև այնպիսի երկրներ, ինչպիսի օրինակ Ալբանիան է, որոնցից իրենք նման քայլ չէին ակնկալում:
Վեհաժողովի մասնակից հայկական կողմի ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանն էլ ասաց, որ առաջին հայացքից մարդիկ ուղղափառություն բառի վրա են սևեռվում` առանց բովանդակության մեջ խորանալու, մինչդեռ. «Ես ուզում եմ, որ թյուրըընկալում չլինի, թե մենք գնացինք, մեկ օրում համոզեցինք այնտեղ ներկա 28 երկրների քաղաքական գործիչներին նման բանաձև ընդունել: Սա քաղաքական դաշտի համար կարևոր նվաճում էր, որ առանց ձեռնպահի ընդունվեց բանաձևը, ինչը տարիների աշխատանքի արդյունք էր»,- ասաց նա:
Նոր ընդունված բանաձևում նշվում է, որ «ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն է և արժանի է դատապարտման` անկախ վաղեմության ժամկետից և պետական քաղաքական շահերից, և կոչ է արվում Թուրքիային` որպես իրավահաջորդ պետություն, ընդունել իր պատասխանատվությունը կատարածի համար, ինչը ապագայում նման հանցագործությունների բացառման լավագույն երաշխիքն է, ինչպես նաև ընդունել պատմական փաստերը և մանրակրկիտ ու քննադատորեն ուսումնասիրել պատմական անցյալի այդ իրադարձությունները»:
Մ.Մինասյանի կարծիքով` բանաձևի ընդունմամբ իրենք ընդհանուր հարցի մի մասն են փորձում լուծել, որ աշխարհը գնահատական տա, և Թուրքիան էլ ընդունի Ցեղասպանությունը: Ընդունված բանաձևը քննարկվելու է 150-ից ավել երկրների խորհրդարաններում ու դրանից հետո միայն կարող է իրավական ուժ ունենալ:
Բանաձևին կողմ են քվեարկել նաև Սաուդիան Արաբիայի և Ռումինիայի ներկայացուցիչները, որոնց երկրները մինչ օրս Ցեղասպանությունը չեն ճանաչել:
Ադրբեջանն ու Թուրքիան վեհաժողովին չեն մասնակցել, քանի որ այնտեղ ուղղափառ անդամներ, քրիստոնյա պատգամավորներ չկան: Հայաստանն էլ վեհաժողովի հիմնադիր անդամներից է դեռևս 1992 թվականից, քանի որ հայ առաքելական եկեղեցին համարվում է արևելյան ուղղափառության մասը: