04/07/2011 15:14
Հոգեբան. Արտագաղթը բազմամյա սթրեսների հետևանք է
«Նույնսիկ 10-15 տարի վաղեմություն ունեցող սթրեսները հետագա կյանքի ընթացքում փոխակերպված դրսևորվում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հոգեբան Լաուրա Պետրոսյանը` խոսելով արտագաղթի մասին: Հոգեբանն ընդգծեց, որ գաղթի ճամփան բռնած երիտասարդները, հիմնականում, հետերկրաշարժյան ծնունդ են, ինչը չէր կարող անհետևանք լիներ:
Հետահայաց դիտարկմամբ, հոգեբանը հիշեցրեց 1915 թ-ը` վստահեցնելով, որ այդ ապրումները, գենետիկորեն փոխանցվելով, կարող էին ներկա հոգեվիճակի պատճառներից լինել.
«Դեմ չեմ, որ հիշում ենք Ցեղասպանության զոհերին, բայց դա արդեն ծայրահեղության է հասնում: Ամեն տարի, գիշերվանից սկսած, ապրիլի 24-ը վերածվում է մեծ սգո արարողության: Չեմ ասում մոռանանք, բայց այդպես չենք կարողանում ձերբազատվել զոհի ընկճված հոգեբանությունից, ինչը մասամբ կարող է արտագաղթի պատճառ դանալ»:
Լ. Պետրոսյանն առաջարկեց, որպեսզի երկիրը լքել ցանկացողներին կանգնեցնելու փորձերը սկսվեն հենց հոգեբանական միջամտությունից: Սակայն, հարցին, թե արդյոք դա կլուծի՞ խնդիրը, հոգեբանը պատասխանեց, որ ուղղակիորեն ոչ, բայց վստահեցրեց` անձի մեջ կարթնանան քնած ռեսուրսները, որոնց միջոցով կլուծվի այն: