07/07/2011 15:26
ՀՀ-ում բացվել է «Միմինո»-ի հերոսներին նվիրված հուշարձան
Հայաստանում բացվել է «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձան: Այդ մասին հաղորդում է Armenia Today կայքը:
Արձանը, որը տեղադրված է հանգստավայր Դիլիջան քաղաքում, իր մեջ է ներառում բրոնզաձույլ բեռնատարի վարորդ Ռուբեն Խաչիկյանի, ուղղաթիռի օդաչու Վալիկո Միզանդարիի և պատերազմի վետերան Իվան Վոլոխովի ֆիգուրները:
Դիլիջան քաղաքը ընտրվել է արձանի տեղադրման վայր, քանի որ, ըստ «Միմինո» կինոնկարի սցենարի, ծննունդով այդտեղից էր վարորդ Ռուբիկը:
Արձանի բացման արարողությանը ներկա էին ներկայացուցիչներ Վրաստանից, որոնց թվում էր կինոնկարի գլխավոր հերոս Վախթանգ Կիկաբիձեն:
Հաղորդվում է, որ Թբիլիսիում նույնպես մտադիր են տեղադրել կատակերգության հերոսներին նվիրված արձան, իսկ Մոսկվայում արդեն գոյություն ունի նույնանման արձան, որը տեղադրված է Ժամանակակից արվեստի թանգարանի տարածքում:
Հիշեցնենք, որ Գեորգի Դանելիի «Միմինո» ֆիլմը էկրան է բարձրացել 1977թ.-ին, գլխավոր դերակատարներն են Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ելենա Պրոկլովան, Եվգենի Լեոնովը և այլոք, և ընդհանուր առմամբ ֆիլմը դիտել են ԽՍՀՄ բնակչությունից 24 մլն մարդ: