ARM   RUS   ENG


ԱԺ պատգամավորը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի նամակը` Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի կողմից 2007-2008 թվականների ընթացքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հետևանքով ՊՈԱԿ-ին հասցված 4 միլիոն 93 հազար 165 դրամ էական վնաս պատճառելու մասին, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում:

Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունից` նշելով, որ պատգամավորը նամակով հարցրել է, թե արդյո՞ք այս փաստը բավարար չէ պաշտոնատար անձին պատժելու համար, կամ որքա՞ն պետք է լինի չարաշահված գումարի չափը, որպեսզի ՀՀ-ում պաշտոնատար անձը պատժվի:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հուլիսի 9-ի «Panorama.am» ինտերնետային կայքէջում հրապարակված «Եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում` պետք է պատժվի՚ՙ» հոդվածում բարձրացվել էր Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի կողմից 2007-2008 թվականների ընթացքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հետևանքով ՊՈԱԿ-ին հասցված 4.093.165 դրամ էական վնաս պատճառելու մասին հարցը, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ այս խնդրով 2011թ. հունիսի 22-ին նամակով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին և սույն թվականի հուլիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության պետական խորհրդական Ա. Թամազյանի ստորագրությամբ ստացել եմ պաշտոնական պատասխան, որում ասվում է, որ Ռ. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, որը կոչվում է պաշտոնական անփութություն: Այնուհետև նամակում ասվում է, որ 2010թ. հունիսի 15-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009թ. հունիսի 19-ի որոշմամբ:

Փաստորեն, իրավապահ մարմինն արձանագրել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի արդյունքում մանկատան երեխաներին հասցվել է 4.093.165 դրամ վնաս ու այն վերականգնելու ոչ մի պարտավորություն չի դրվել «պաշտոնական անփութություն» դրսևորած տնօրենի վրա:

Կարելի է տարբեր վարկածներ փնտրել այն մասին, թե ինչպես նույն ժամանակահատվածում Գյումրու մեկ այլ մանկատան տնօրենի կողմից 1 մլն դրամ գումարի չարաշահման արդյունքում նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից, իսկ այս տնօրենի նկատմամբ գործը ոչ միայն կարճվել, այլև պետական բյուջեի 4մլն դրամ մսխելը որակվել է որպես անփութություն, ու որևէ պատասխանատվության չենթարկվելով` այդ քաղաքացին շարունակում է մնալ տնօրեն: Սա մեր անօրեն ու անարդար իրականությունն է, նաև որի պատճառով երկրից արտագաղթում են մեր հայրենակիցները:

Հարգելի պարոն նախարար, լիովին համաձայն եմ Ձեզ հետ , որ եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում, ուրեմն պետք է պատժվի, այնպես որ հասարակությունն սպասում է Ձեր համապատասխան քայլերին, որի մասին կտեղեկանամ 10-օրյա ժամկետում` «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ կետի համաձայն»:

18.07.2011, 13:10

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |