06/10/2011 15:20
Տեղի ունեցավ «Դպրոցական բլոգի» ամփոփիչ շնորհանդեսը
Ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտի սկզբին՝ նպատակ ունենալով աշակերտների միջոցով բարձրացնելու դպրոցական կյանքում առկա խնդիրները։ Նախագիծն իրականցավել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով։
«Դպրոցական բլոգը» հայկական էլեկտրոնային դաշտում գործող նախագիծ է։ Այս բլոգում հեղինակները երեխաներն են։ Ծրագրի ընթացքում նրանք տեխնիկապես կրթվել են ու բլոգինգի միջոցով խոսում են իրենց հուզող հարցերի մասին. ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների, բռնության, դրամահավաքության, սիրո ու ընկերության, մի շարք այլ թեմաների շուրջ։
Ծրագրում ընդգրկված են 10 դպրոցականներ Էջմիածնից, Ալավերդու երեք համայնքներից, Դիլիջանից, Մարտունուց և Երևանից։
«Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը նշեց, որ ծրագիրը տևել է 6 ամիս, այդ ընթացքում բլոգը լայն ճանաչում է ձեռք բերել համացանցում՝ ամեն ամիս գրանցելով 8-10 հազար այցելու և 80 հազար այցելություն։
Բլոգում գործում են հոգեբանի և իրավական էջեր, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը։
Ինչո՞ւ այսպիսի ծրագիր և ինչո՞ւ դպրոցներում. պատասխանելով այս հարցին, Աննան հիշեց իր դպրոցական տարիները, երբ ինքն ուներ օրագիր, որտեղ գրառումներ էր կատարում, կիսվում իր ընկերների հետ։ Հիմա, էլեկտրոնային միջոցների շնորհիվ հնարավոր է այդ ամենն անել ավելի մեծ շրջանակներում։ Իսկ դրա համար պետք է ընդամեը բացել բլոգ ու այնտեղ գրել հուզող հարցերը։
Սիջոցառմանը ներկա էին բլոգի բոլոր հեղինակները. նրանք խրախուսական մրցանակներ ստացան։ Նրանցից 6-ին տրվեց 10 հազարական դրամ խրախուսական պարգև։ Գլխավոր մրցանակը՝ նեթբուկ, ստացավ Ռոբերտ Պետրոսյանը Դիլիջանից, ով համարվել է ամենաակտիվ և համարձակ բլոգերը։
Մրցանակաբաշխությունից հետո ամփոփվեցին նաև պատմվածքի «Ուլիսես» մրցույթի արդյունքները։ Մրցույթին մասնակցել են 24 հեղինակներ։ Այս մրցույթում հաղթող համարվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտ Մանե Գևորգյանը՝ իր «Բաց դուռը» պատմվածքի համար։
Սրցույթի հատուկ մրցանակը շնորհվեց Երևանի թիվ 105 դպրոցի աշակերտ Ռուբինա Դավթյանին՝ «Ծեր ձիու պատմությունը» պատմվածքի համար։
Նրանց որպես մրցանակ արժեքավոր գրքեր տրվեցին։