02/11/2011 14:49
Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը՝ նոր տեսք ու շուքով
ԵՃՇՊՀ-ի հետ համագործակցության արդյունքում ավարտվել են Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքները։
Այսօր տեղի ունեցավ դպրոցի վերակառուցված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետի պատոնակատար Տարոն Մարգարյանը, ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, բարձրաստիճան հյուրեր, ուսուցիչներ ու աշակերտներ։
ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն հայտնեց շինարարներին կարճ ժամկետներում որակյալ շինարարություն կատարելու համար։ Ապա նշեց, որ համոզված է, ստեղծված նոր պայմանները, ինչպես նաև իրենց համագործակցությունը նախադրյալներ կստեղծեն, որպեսզի դպրոցի շրջանավարտներն առանց կրկնուսույցների մոտ պարապելու կարողանան ինքնուրույն մտածել և ընդունվել ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն։ Նա հույս հայտնեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կընդառաջի իրենց առաջարկին և այս դպրոցը կգործի իրենց ԲՈՒՀ-ին կից։
Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ամիսներ առաջ նախաձեռնած գործընթացը, այն է ավագ դպրոցների և Հայաստանի առաջատար բուհերի միջև համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը, տալիս են առաջին պտուղները։ Նա շնորհակալություն հայտնեց ԵՃՇՊՀ-ին իր դպրոցամետ որոշումների, այն ներդրումների համար, որ կատարվել են թիվ 3 ավագ դպրոցում։
Հատկանշական է, որ դպրոցի վերանորոգման ամբողջ աշխատանքները ֆինանսավորել է ԵՃՇՊՀ-ն։ Համալսարանի ռեկտոր նշեց նաև, որ ջեռուցման նպատակներով ձմռան ամիսներին սպառած գազի դիմաց ևս կվճարեն իրենք։
Նա ընդգծեց, որ առաջիկայում կվերանորգվի նաև դպրոցի մյուս հատվածը։ Իսկ բակում տեղակայված մասնաշենքի վերանորոգումից հետո այս դպրոցը կունենա նաև գիշերօթիկ, որից հետո մաթեմատիկական խորացված ուսուցմամբ այս դպրոցում կկարողանան ուսումնառել նաև Արցախի ու հանրապետության հեռավոր մարզերի երեխաները։
ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով դեռևս 2011թ. մարտի 1-ին ԵՃՇՊՀ-ի և Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի միջև կնքվել էր պայմանագիր, որի նպատակը դպրոցում ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումների ձևավորումն ու լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով շրջանավարտների գիտելիքների խորացումն է։
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ 2011թ. մայիսին սկսվել է դպրոցի շենքի հիմնանորոգումն ու վերակառուցումը։ Վերակառուցման աշխատանքների ընթացքում շենքի հիմքերն ամրացվել են, ինչի արդյունքում բարձրացել է կառույցի սեսմակայունությունը։ Բացի այդ գրանիտապատվել են դպրոցի աստիճանավանդակները, կառուցվել է նոր կաթսայատուն, վերակառուցվել է ջրային համակարգը, վերակառուցված դասասենյակները տեխնիկապես վերազինվել և կահավորվել են։
1933թ. կառուցված դպրոցի շենքը մինչ այս մասնակի վերանորոգվել էր 2003թ.։