ARM   RUS   ENG

Առողջապահության և ոստիկանության ոլորտում կոռուպցիան նվազել է

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացման արդյունքներով Հանրապետությունում 2010 թվականին 2008-ի համեմատ արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի 5 տոկոս նվազում: Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փորձագետ Արմեն Խուդավերդյանը` հավելելով, որ 2011-ի վիճակագրական տվյալները դեռևս ամփոփվում են և կներկայացվեն տարեսկզբին:

«Կոռուպցիոն դրսևորումները նվազել են հիմնականում առողջապահության, պետավտոտեսչության, հարկային ծառայության ոլորտներում, որտեղ մշտապես արձանագրվել են մեծածավալ կոռուպցիոն դրսևորումներ»,- ասաց Ա. Խուդավերդյանը: Ըստ վիճակագրության, ոստիկանությունում կոռուպցիան 65 տոկոսից իջել է 56 տոկոսի, պետավտոտեսչությունում` 58 տոկոսից 55 տոկոսի: Նա նշեց նաև, որ 2011-ի առաջին կիսամյակում կոռուցիայի դեպքերի բացահայտման քանակը, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է երկու անգամ, ինչն ունի նաև կանխագելիչ բնույթ:

Ասուլիսին մասնակից ՀՀ վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանն իր հերթին նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքը գտնվում է նաև միջազգային կազմակերպությունների` մասնավորապես Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող «ԳՐԵԿՈ» միջազգային հակակոռուպցիոն խմբի, «Թրանսփերընսի ինթերնեյշնլ»-ի մոնիթորինգի ներքո:

«Ստեղծվել է ինստիտուցիոնալ բազա, որով էլ իրականացվում է մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը»,- ասաց Ե. Կիրակոսյանը: Նա, կարևորելով կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընդգծեց, որ այդ համատեքստում մեծ նշանակություն կունենա հաջորդ տարեսզկբից գործող Հանրային ծառայության մասին օրենքը:
 

28.12.2011, 15:08

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |