ARM   RUS   ENG

Ցմահներին ներում շնորհելու հրամանագրից հետո բու՞թ, թե՞ վերջակետ

Այսօր ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրների շուրջ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ փաստաբանների ու իրավաբանների ամենաթեժ քննարկման առարկան ՀՀ Նախագահի կողմից 2003 թ.-ին ընդունված հրամանագիր էր. արդյոք ՀՀ Նախագահը պատիժ սահմանելու իրավունք ո՞ւնի, թե՞ ոչ:

Իրավապաշտպանների ու փաստաբանների մեծ մասը պնդում էր, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` 2003 թ-ին 42 մահապարտների գնադակահարությունը փոխելով ցմահ ազատազրկման, չնայած մեղմացրեց վերջիններիս պատիժը, սակայն դրա իրավունքը չուներ. որպես նախագահ՝  նա կարող էր ներում շնորհել, իսկ պատիժ սահմանելը դատարանի մենաշնորհն է:

Փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքերով՝ նախագահի սահմանադրական իրավասությունն է ներում շնորհելը, սակայն 2003 թ-ի հրամանագրում ներում շնորհել բառից հետո պետք է վերջակետ դրվեր:

Նա մեջբերեց 2006 թ.-ի օգոստոսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի կայացրած դատական ակտից օրինակ՝ ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի գործով, որտեղ բառացիորեն գրված է «… հանցավոր արաքը բավարարել… և անփոփոխ թողնել 2003թ. նախագահի օգոստոսի 1-ի ՆՀ 103 ա հրամանագրով ցմահ ազատազրկման ձևով սահմանված պատիժը»:

Օրինակ բերելով ՀՀ Նախագահի կողմից ընդունված ներման հրամանգիրը՝ որպես պատժի սահմանում, փաստաբանն ասաց. «Սա իմ և ձեր կարծիքը չէ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենք է բոլորիս համար, սա հավաքական դիրքորոշում է: ՀՀ դատական համակարգը վաղուց իր կարծիքը դրսևորել է այս թեմայով, մենք սա փաստի մակարդակով ունենք ու հենց սա ենք վիճարկում: Նախագահի կողմից 2003 թ-ին ընդունած հրամանգիրն ուղղակիորեն պատժի նշանակման ակտ էր, որն արդեն իսկ ճանաչված է դատարանի կողմից` որպես պատիժ սահմանող ակտ: Ցմահների գործերը պիտի դատարանները 2003-ի քրեական օրենսգրքին համապատասխանեցնեին, այնինչ մինչև 2006 թվականը ոչ մի համապատասխանության որոշում չկա»:

Վահե Գրիգորյանն առաջարկեց խնդրի դիտարկման այլ տարբերակ՝ ասելով. «Պատկերացրեք, որ 2003-ին քրեական օրենսգիրքը չէր ընդունվել, մահապատիժ պետությունն ի վիճակի՞ էր կիրառել: Միանշանակ` ոչ: Մահապատժի կիրառման որևէ իրավական ակտ 1961թվականից մինչև 2003թ. Հայաստանում չկար: Որքա՞ն կարող էր պետությունը մարդկանց պահել այդ վիճակում, առավելագույնը 20 տարի»:

Ըստ նրա՝  հանցագործության պահին գործող օրենսդրությունը ցմահ ազատազրկումը որպես պատժատեսակ չի նախատեսել, և Հանրապետության նախագահը ներում շնորհելու իր բացառիկ իրավասությունը Սահմանադրության սահմաններում իրականցնելուց բացի չէր կարող զանցնել 1961 թ. քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն սահմանաչափերը:

Քննարկման մասնակից, քրեական իրավունքի մասնագետ ներկայացած Սերգեյ Մարաբյանը դեմ արտահայտվեց փաստաբանի վերոնշյալ տեսակետներին՝ նախ նշելով, որ 2003 թ.-ի քրեական օրենսգրքի 82 հոդվածով ՀՀ Նախագահն ուներ հրամանագրով պատիժ սահմանելու իրավունք, ապա հանդիպելով հակառակ կարծիքների՝ ասաց, որ իրեն որևէ պաշտոն չվերագրեն:

«Եթե ներկայիս գործող օրենքներով մարդ նույն հանցանքը կատարեր, արդյոք ցմահ կտայի՞ն, թե՞ 20 տարի: Ես հակընդդեմ հարց եմ բարձրացնում, եթե Հիսուսը հիմա լիներ, մենք կխաչեի՞նք նրան, թե՞ ոչ»,- հարցրեց Մարաբյանն ու ինքն էլ պատասխանեց իր հարցին, թե «հաստատ ասում եմ, եթե Հիսուսն այսօր լիներ, ոչ թե կխաչեին, այլ կպաշտեին»:

Ըստ նրա՝  նախագահի հրամանագրում գրված է ներում շնորհել, ինչից հասկանում ենք՝ պատիժը փոխարինել ցմահով:

«Եթե հրամանագրում գրվում է «շնորհել ներում», պետք է բութ դրվի ու բովանդակությունը բացահայտվի. իսկ բովադակությունը եղել է հետևյալը՝ փոխարինել ցմահ ազատազրկմամբ, ինչու՞, որովհետև մահապատիժն ավելի խիստ պատիժ է, քան ցմահ ազատազրկումը»,- ասաց նա:

Մարաբյանի խոսքերով՝ 2003 թ. օրենքով սկսվեց հետադարձ ուժի կիրառմա խնդիրն ու քննարկման արդյունքում պարզվեց, որ օրեքը պիտի ունենա հետադարձ ուժ:

«Այսինքն` պատիժը մեղմացավ, ու միանշանակ պնդել, որ Նախագահը պատիժ է նշանակել, կներեք, համաձայն չեմ: Ներումը ենթադրում է պատժի մեղմացում, պատժի փոխարինում, որն արվել է»,- եզրափակեց նա:

26.01.2012, 18:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |