ARM   RUS   ENG

Նոտարի թեկնածուների դասընթացներն սկսվել են

Հունվարի 27-ից Հայաստանի արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»-ը սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները: Այդ մասին տեղեկացնում են արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է 120 ակադեմիական ժամից և գործնական պարապմունքներից: Դասավանդվող առարկաների շարքում են «Նոտարական էթիկան», «Նոտարական գործունեության և նոտարի իրավական դրության առանձնահատկությունները», «Նոտարիատի վերաբերյալ օրենսդրությունը», «Վարչական օրենսդրությունը», «Քրեական օրենսդրությունը»:

Ուսուցման ավարտից հետո իրավաբանական ինստիտուտը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնելու դասընթացն ավարտած նոտարի թեկնածուների ցանկը:
Նոտարի թեկնածուներին իրավաբանական ինստիտուտի կողմից տրվելու է համապատասխան վկայագիր:

Հիշեցնենք, որ նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը հաստատել էր ՀՀ կառավարությունը 2011-ի սեպտեմբերի 29-ին:

31.01.2012, 16:58

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |