ARM   RUS   ENG

Ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի

Այսօր գործադիրը հավանություն տվեց «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծել ազատ տնտեսական գոտու ծրագրին (ԱՏԳ), որի գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտները։

Նախագիծը այսօր գործադիրին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, վերջինս ընդգծեց, որ ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին, որը կստեղծվի «Ռաօ Մարս» և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքներում. աշխատանքները կիրականացնի «Սիտրոնիքս Աիմենիա»-ն:

Տ.Դավթյանը նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում «Սիտրոնիքս» ընկերությունը 6 ամսվա ընթացքում կավարտի աշխատանքները, իսկ ծրագրի շրջանակներում նախնական փուլում ներդրվելու է 10 մլն դոլար:

«Հայաստանի նորանկախ պետականության պատմության մեջ առաջին անգամ պետությունն իրականացնում է ճյուղային արդյունաբերական քաղաքականություն մասնավոր հատվածի հետ։ Այսօր մենք դա հաստատեցինք, և այսօր նաև այդ ուղղությամբ առաջին քայլն ենք կատարում»,- շեշտեց վարչապետը:

Տ. Սարգսյանը նաև նշեց, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում բազմիցս քննարկվել է ծրագիրը, և շուրջ 3 տարի աշխատել են ռուս գործընկերների հետ նաև այս հայեցակարգի վրա։ «Պատրաստվել է մանրակրկիտ մի փաստաթուղթ, որտեղ նկարագրված են, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն ազատ տնտեսական գոտում»,- շեշտեց վարչապետը։

Ծրագրի նկատմամբ, էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ, 5-6 միջազգային ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում.«Ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները երկարատև և մանրակրկիտ բանակցությունների արդյունք են, որը քաղաքական ամենաբարձր մակարդակի աջակցության է արժանացել»:
 

02.02.2012, 15:35

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |