ARM   RUS   ENG

Նարեկ Հարությունյան. Արգելանքը հանել են

Հայաստանի վարչական դատարանը այսօր տեղի ունեցած նիստում սփյուռքահայ Հարթունյաններին պատկանող «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության վրա դրված արգելանքը վերացվել է: Այդ մասին տեղեկացնում է Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը:

Ըստ տարածած հաղորդագրության, Վարչական դատարանը նիստի ընթացքում քննարկել է հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին միջնորդությունը, որ ներկայացրել էր սփյուռքահայ ներդրող Սարո Հարթությանին պատկանող ընկերության փաստաբան Գևորգ Չաքմիշյանը:

«Հայցի ապահովման կիրառումը պահանջել էր հարկային մարմինը, այն է` արգելանք դնել ընկերության դրամական միջոցների ու անշարժ գույքի վրա: Արդյունքում ընկերությունն ուղղակի կաթվածահար էր եղել. չէր կարողանում նոր գոյացող հարկերը վճարել, պայմանագրային և վարկային պարտավորությունները, կոմունալ վճարումներ կատարել, ընկերության աշխատակիցների աշխատավարձերը վճարել և այլն: Իսկ օրեր առաջ ընկերությունը նաև հոսանքազրկվել էր, քանի որ կիրառված արգելանքի պատճառով չէր կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար», -նշում է ընկերության լրատվական ծառայության պատասխանատուն:

Այսպիսով, ընկերությունը ներկայացրել է միջնորդություն` վերացնելու ընկերության դրամական միջոցների վրա դրված արգելանքը և թողնելու անշարժ գույքի արգելանքը, որը ապահովում կլինի հետագա դատական ակտի համար, եթե այն անբարենպաստ լինի ընկերության համար: Դատարանին ներկայացվել են կոնկրետ հիմնավորումներ այն մասին, որ դրված արգելանքի պատճառով ընկերությունը մեծ վնասներ է կրում:

Դատարանի որոշումը զարմացրել է նաև ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին: «Անկեղծ ասած առաջին անգամ է, որ ես զգացի, որ կա արդարություն, որ կա դատավոր, ով լսում է, ուշադրություն է դարձնում, ճիշտ հարցեր տալիս, և մեր հույսը, որ փոքրիկ էր, մի քիչ մեծացավ այսօր: Այսօր ինչ որ կատարվեց, մեզ հնարավորություն է տալիս, որն մենք մեր պարտականությունները կատարենք: Իսկ արգելանքը վնասում էր բոլորիս` և ընկերությանը, և նրա աշխատակիցներին»,-ասել է Նարեկ Հարթունյանը:

02.02.2012, 19:16

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |