ARM   RUS   ENG

Ն.Սարգսյանը չի պատրաստվում իր ծանոթների փոխարեն տուգանք մուծել

«Մայրաքաղաքի 10 բանուկ խաչմերուկներում տեղադրված են տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքավորումներ, իսկ 15 վայրերում, որտեղ համեմատաբար արագընթաց ճանապարհներ են՝ արագաչափ սարքեր, որոնց ներկայությամբ արդեն իսկ, ինչ-որ չափով, մայրաքաղաքում կանոնակարգվել է երթևեկությունը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։

Նա նշեց, որ 2012թ. հունվարի արդյունքներով Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում է նկատվել։

Հունվարի 16-ից հետո, այսինքն՝ սարքավորումները տեղադրելու հետո, խախտման վերաբերյալ 8921 որոշում է կայացվել, որոնք ուղարկվել քաղաքացիների հասցեներով։ Բացի այդ, 1808 հարցում է ուղարկվել իրավաբանական անձանց՝ վարորդի անձը ճշտելու համար։

«Այսինքն, մոտ 10.000-ից ավելի խախտումներ է արդեն իսկ արձանագրվել։ Մեր պատկերացմամբ և ենթադրություններով առաջիկայում մեծ արդյունք է սպասվում, հատկապես, որ ծրագրված է այս տարվա ընթացքում ևս 15 խաչմերուկներում տեղադրել դիտարկման սարքավորումներ և ևս 50 արագաչափ սարքեր»,- տեղեկացրեց Ն. Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը տրվում է սարքերը ներդնող կազմակերպությանը, մնացած 30%-ը փոխանցվում ճանապարհային ոստիկանության բյուջե։

Ն. Սարգսյանը հավաստիացրեց նաև, որ խախտումը հանելու, վարչական պատասխանատվությունից ազատելու հետ կապված միջնորդության որևէ դեպք չի եղել. «Եթե իմ ընկերն ինձ խնդրի, թե՝ կլինի՞ ազատվեմ վարչական պատասխանատվությունից, միակ օգնելու հնարավորությունն այն կլինի, որ ես մուծեմ այդ ընկերոջ խախտման համար նախատեսված գումարը, որը չեմ պատրաստվում անել, որովհետև բնականաբար շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ ու աշխատավարձս չի ների։ Ծրագիրն այնպես է մշակված, որ որևիցե հնարավորություն չկա, որ որևիցե մեկը վարչական պատասխանատվությունից խուսափի։ Բացառությամբ՝ ոստիկանության, ՊՆ, Ազգային անվտանգության աշխատակիցների, որոնք տուգանքի փոխարեն կարգապահական պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը։
 

02.02.2012, 15:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |