ARM   RUS   ENG

Ֆիննախը ներկայացրեց 2012թ-ի գերակա ուղղությունները

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց 2012թ-ի նախարարության գերակա ուղղությունները, որոնք չորսն են:

Վ.Գաբրիելյանը նշեց, որ առաջին գերակա ուղղությունը վերաբերում է պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին:

Ըստ նրա, փորձարարական 10 գերատեսչությունների կողմից ՀՀ 2013-2015 թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի հետ մեկտեղ յուրաքանչյուրը ներկայացնելու է մեկական բյուջետային ծրագրի նկարագիր:

Ֆիննախի այս տարվա երկրորդ գերակա ուղղությունը վերաբերում է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքներին, հաստատվել է ոլորտի բարեփոխումների ցանկ և, ըստ նախարարի, փաստաթուղթն ավելի տեսական ձևավորելու է ռազմավարությունը:

Նախարարության երրորդ գերակա ուղղությունը վերաբերում է ներքին աուդիտի համակարգի ներդրմանը. «Գործարկվելու է հանրային հատվածի պետական կառավարչական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ու 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում  ներքին աուդիտի համակարգի ներդրումը»,- ընդգծեց Վաչե Գաբրիելյանը:

Նախարարը ներկայացնելով չորրորդ ուղղությունը, նշեց, որ ներկայացվելու են պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի եզրակացությունների հրապարակումը կանոնակարգելու նպատակով իրավական ակտերի նախագծեր:
 

02.02.2012, 14:46

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |