Մարկոս Պիզելի. «Մենք երբեք չենք փորձել խաղալ «Բարսելոնի» պես»
Նրա անունը Ռուսաստանում առաջին անգամ լսեցին անցած տարվա գարնանը, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Պիտերում գրավեց Ռուսաստանի ընտրանու դարպասը: Այժմ նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն կա. 27-ամյա բրազիլացի Մարկոս Պիզելին հանդես է գալու «Կուբանում»:
Բրազիլացին, ով խոսում է անգլերեն, անակնկալ է: Իսկ եթե լատինաամերիկացին հայերեն է խոսում, դա ցնցող է: Պիզելին քայլող հրաշք է, որովհետև երկու լեզվին էլ տիրապետում է: Այն էլ` ոչ ուժեղ ակցենտով: Եվ «Սպորտ Էքսպրես» թերթի թղթակցին տված հարցազրույցում նաև խոստացել է.
- Իսկ հիմա պատրաստվում եմ սովորել ռուսերենը,- ասել է Պիզելին:- Առայժմ քիչ բառեր գիտեմ` մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, ձախ, աջ, առաջ, հետ, փոխանցում, անկյունային, գոլ: Իսկ պաշտպանը defender-ն է, չէ՞: Դեռ չեմ կարողանում բառերը հավաքել նախադասության մեջ: Սակայն ժամանակին զուգընթաց կկարողանամ: Շատ եմ սիրում լեզուներ սովորել…
Եթե Պիզելին չխաբի, նրա հուշարձանը կարելի է կանգնեցնել: Միայն թե մայրենին չմոռանա:
Բրազիլացին
- Բրազիլիայում Ձեր ճակատագրով ինչ-որ մեկը հետաքրքրվո՞ւմ է:
- Եվրոպա տեղափոխվելուց հետո մի քանի անգամ հարցազրույց եմ տվել: Երբեմն բրազիլացի լրագրողները ցանկանում են ինձ հետ կապ հաստատել հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով: Զանգահարել են իմ հարազատ քաղաքի թերթի խմբագրությունից, նաև այլ լրատվամիջոցներից: Իմ նկատմամբ հետաքրքրություն առաջացավ, երբ որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում:
- Իսկ ո՞րն է Ձեր հարազատ քաղաքը:
- Լեմին` Սան Պաուլո նահանգում: Ընտանիքս ոչ աղքատ է և ոչ էլ հարուստ: Սոված չէինք մնում: Ինձ համար, ի դեպ, դա միշտ էլ հանելուկ է եղել. Բրազիլիան հսկայական երկիր է, նրանում ամեն ինչ կա, ինչն անհրաժեշտ է նորմալ կյանքի համար, իսկ մարդիկ ուտելու բան չունեն: Իսկ ո՞վ է մեղավորը: Քաղաքականությունը…
- Իսկ ընտանիքդ այնտե՞ղ է ապրում հիմա:
- Այո: Երբ մրցաշրջանն ավարտվում է, անմիջապես մեկնում եմ Բրազիլիա:
- Ովքե՞ր են Ձեր ծնողները:
- Հայրս նախկին դարպասապահ է, իսկ մայրս տանը ինձ, եղբորս ու քրոջս էր հետևում: Դպրոցից տուն էի գալիս և, գնդակից բացի, ուրիշ ոչինչ չէի տեսնում: Այդպիսին ենք մենք` բոլոր բրազիլացիներս:
- Հայրդ, հավանաբար, երազում էր, որ որդին կհագնի երկրի ազգային ընտրանու մարզաշապիկը: Երբ նրան ասացիք, որ «հայ» եք դարձել, Ձեզ չծեծե՞ց:
- Ոչ, աջակցեց: Ասաց. «Ամեն ինչ միայն քեզանից է կախված: Եթե քեզ հարմար է, ուրեմն ուրախ եղիր: Եթե դու ուրախ ես, ես նույնպես ուրախ եմ»: Խորհրդակցեցի ընտանիքիս հետ, բայց որոշումն ինքս կայացրեցի:
- «Կուբանի» մարզաշապիկը դեղին և կանաչ գույներ ունի: Սա այդպիսի գույներ կրելու միա՞կ հնարավորությունն էր:
- Այո: Իսկ իրավիճակը ես սթափ գնահատեցի: Երբ 21 տարեկանում հրավեր ստացա «Արարատից», առանց ավելորդ մտորումների համաձայնվեցի:
- Ո՞վ եք Դուք հիմա:
- Հայ բրազիլացի: Հավանաբար, ավելի շատ հայ, քան բրազիլացի:
Հայը
- Ստանդարտ պատմություն է. ֆուտբոլիստը տեղափոխվում է օտար երկիր, ստանում քաղաքացիություն և սկսում հանդես գալ իր համար «ոչ իսկական» հավաքականի կազմում: Հետո գնում է ու մոռանում երկրորդ հայրենիքի թիմի մասին: Ինչո՞ւ, հեռանալով Հայաստանից, չմոռացաք այդ երկրի գլխավոր թիմին:
- Ինչպե՞ս կարելի է մոռանալ, եթե այնտեղ ինձ պրոֆեսիոնալ աճի հնարավորություն են տվել, ապահովել բոլոր պայմաններով: Ես այդ երկրին շատ երախտապարտ եմ ամեն ինչի համար: Հայաստանի համար կխաղամ այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա կամ չեմ ավարտել կարիերան:
- Ձեզնից որքա՞ն ժամանակ պահանջվեց` ընտրություն կատարելու համար:
- Ժամանակ պահանջվեց միայն փաստաթղթերի ձևակերպման համար: Իսկ պատասխանի համար` մեկ վայրկյան: Ես գիտեմ Բրազիլիան, այնտեղ հավաքական են հրավիրում միայն հայտնի ֆուտբոլիստներին: Գրեթե միշտ:
- Ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականն այդքան վառ խաղ ցուցադրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
- Ֆուտբոլում գաղտնիքներ չկան: Բոլորը գիտեն, թե ինչ է պետք անել, բայց բոլորը չէ, որ կարողանում են: Մենք երբեք չենք փորձել խաղալ «Բարսելոնի» պես: Ուղղակի ճիշտ ենք կատարել ամենահասարակ բաները, որոնք արդյունք են ապահովում: Դրան գումարած` լավ կոլեկտիվ ունենք: Կարծես մեկ ընտանիք լինենք:
- Իսկ ընտանիքում ո՞վ է գլխավորը:
- Մարզիչը: Դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Պաշտպան Սարգիս Հովսեփյանը: Վերջինս Ռուսաստանում է խաղացել, «Զենիթում», գիտե՞ք նրան:
- Լսել ենք:
- Հովսեփյանն իդեալական ավագ է: Իսկ Բերեզովսկին բոլոր ֆուտբոլիստների, հատկապես` երիտասարդների համար իսկական հայր է: Միշտ աջակցում է, օգնում խորհրդով: Իսկական հայր:
- Ամենասիրած տեղը և ուտեստը` Հայաստանում:
- Սիրում եմ զբոսնել Երևանի կենտրոնում, գլխավոր հրապարակում: Միլիոն անգամ եղել եմ այնտեղ կնոջս հետ միասին: Շատ է դուր գալիս բաստուրման: Դուք գիտե՞ք, թե դա ինչ է:
- Ընդհանուր գծերով: Իսկ կոնյա՞կ, գինի՞:
- Ոչ մի անգամ չեմ փորձել: Հավանաբար, լավն են, եթե դրանց մասին խոսում են:
- Գրել են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընտրական մրցաշարում հաղթանակների համար հսկայական գումարներ է վճարել ֆուտբոլիստներին:
- Բոլոր հավաքականներն էլ պարգևավճարներ ստանում են: Հայաստանի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ուներ դուրս գալ մայրցամաքային առաջնության եզրափակիչ, ուստի մեզ շատ մեծ գումարներ խոստացան: Բայց մենք չկատարեցինք խնդիրը:
- Որքա՞ն էին խոստացել:
- Չեմ կարող ասել:
- Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ մամուլում նույնիսկ գրեցին, որ հանդիպումը պայմանավորված բնույթ է կրելու:
- Նման բան չեմ լսել: Բայց դա հաստատ ընկերական խաղ չէր: Մենք պայքարում ենք, որովհետև մրցակցի հետ խաղում ենք և ոչ թե ընկերություն անում: Չեմ կարծում, որ նման բաներ գոյություն ունեն: Երբեմն լրագրողներին շատ է դուր գալիս ինչ-որ բան հորինել մեր թիմի մասին:
- Սանկտ Պետերբուրգում կայացած պատասխան խաղում Դուք գոլ խփեցիք: Ռուսներից ո՞վ է ավելի շատ հիշվում այդ խաղում:
- «Զենիթի» պաշտպան Դենիսովը, պաշտպան Բերեզուցկին, «Արշավինը»` «Արսենալից»: Ֆուտբոլիստը, ով խաղում էր ձախ եզրում, հիմա «Անժիում» է` Ժիրկովը: Չեմ կարող մոռանալ նաև նրան, ով երեք անգամ գրավեց մեր թիմի դարպասը: Անհնար է մոռանալ նրան, բայց ոչ ազգանունը:
- Պավլյուչենկոն:
- Ճիշտ է:
«Մետալուրգ»
- Հինգ տարուց քիչ ավելի անցկացնելով «Արարատում» և «Փյունիկում»` կես տարով տեղափոխվեցիք Դոնեցկի «Մետալուրգ»: Ինչո՞ւ:
- Ես պետք է առաջ գնայի: Եթե դադարում ես երազել աճելու մասին, նույնիսկ տեղումդ չես մնա: Դրան կհաջորդի վայրէջքը: Ուկրաինայի առաջնությունն ավելի լուրջ է, քան հայաստանյանը: Բացի այդ, մշակույթը գրեթե նույնն է, և ես արագ հարմարվեցի: Իսկ Դոնեցկը շատ գեղեցիկ քաղաք է:
- Ամենասիրած ուկրաինական կերակուրը ո՞րն է:
Բորշչը: Ի դեպ, շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք: Ճաշի ժամն է: Մենք բոլորս պարտավոր ենք ժամանակին ներկայանալ ճաշին, այլապես մարզիչը կզայրանա: Շուտով կվերադառնամ:
Եվ Պիզելին գնաց…
Փլեյմեյքերը
… 20 րոպե հետո վերադարձավ:
- Ներեցեք, ես կրկին Ձեզ հետ եմ:
- Շարունակենք: Դուք արդեն հասկացրել եք, որ Դան Պետրեսկուն պահանջկոտ մարզիչ է: Էլ ինչպիսի՞ն է նա:
- Ֆուտբոլիստներին միշտ ճշմարտությունն է ասում: Մասնակցում է բոլոր վարժություններին և անպայման անձնական օրինակով ցուցադրում է, թե ինչ է պետք անել, եթե ճիշտ չես անում:
- «Կուբանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի միա՞կ տարբերակն էր:
- Իմ գործակալն ինձ այլ տարբերակների մասին, եթե նույնիսկ գոյություն են ունեցել, ոչինչ չի ասել: Մի անգամ ուղղակի ասաց. «Քեզ «Կուբանն» է հրավիրում»: Պատասխանեցի. «No Problem»: Ես պատրաստ եմ:
- Դա կրկին քա՞յլ էր դեպի առաջ:
- Բնականաբար: Մեծ քայլ: «Կուբանը» մի թիմ է, որը կարող է հայտնվել Եվրոպայի լիգայում: Բացի այդ, Ռուսաստանի առաջնությունը շատ ուժեղ է: «Մետալուրգը» մրցաշրջանի ընթացքում բարձրակարգ երեք հանդիպում է անցկացնում` «Դինամոյի», «Շախտյորի» ու «Մետալիստի» հետ: Իսկ այստեղ տարվա ընթացքում խաղում ես տասնյակ ուժեղ թիմերի հետ:
- Վագներին ու Վելլիտոնին ճանաչո՞ւմ եք:
- Միայն հեռուստացույցով եմ տեսել:
- Տեսնելով Տրաորեին` չմտածեցի՞ք, որ ֆուտբոլային թիմը բասկետբոլայինի հետ եք շփոթել:
- Նա ոչ միայն բարձրահասակ, այլև խելոք ֆուտբոլիստ է: Գերազանց է բացվում, ինչպես և Դավիդովը:
- Մեկ հարձակվողով սխեման քեզ չի՞ անհանգստացնում:
- Հայաստանի հավաքականում էլ նույն կերպ ենք խաղում: Սովոր եմ: Իմ սիրած դիրքը հետ քաշված հարձակվողի գոտին է, իսկ սիրած գործը` լավ փոխանցում կատարելը: Սիրում եմ նաև ստանդարտներ իրացնել: Եթե մարզիչը հրահանգի, կարող եմ նաև 11 մետրանոց հարվածներ իրացնել:
- Ռմբարկուի Ձեր անձնական ռեկորդը ե՞րբ է գրանցվել:
- 22 գոլ` 2007 թ.: Բայց դա ինձ համար իրականում նորմա չէ: Սովորաբար մրցաշրջանի ընթացքում մոտ 10 գոլ եմ խփում:
- Ո՞վ է Ձեր կուռքը ֆուտբոլում:
- Պատանեկան հասակում ինձ շատ էր դուր գալիս Ալեքսը:
- Սպարտակցի՞ն:
- Չե, մյուսը, ով խաղում է «Ֆեներբախչեում»: Բայց «Սպարտակում» հանդես եկած Ալեքսին նույնպես գիտեմ:
Կրասնոդարցին
- Ի՞նչ գիտեք այն քաղաքի մասին, որտեղ հիմա պետք է ապրեք:
- Հայ ընկերներս պատմել են, որ Կրասնոդարը մեծ քաղաք է, և այնտեղ կարելի է լավ ապրել: Ուզում եմ ծանոթանալ ամեն ինչին, հնարավորինս շատ բան տեսնել: Յուրա Մովսիսյանն ասաց. «Քեզ կօգնեմ, ինչով կարող եմ: Եվ մի անհանգստացիր, «Կուբանում» շատ լավ տղաներ են հավաքվել»:
- Մովսիսյանը կրթվել է ԱՄՆ-ում, և նրա մասին ասում են, որ այնքան էլ լավ չի խոսում հայերեն: Ձեզնից ո՞վ է ավելի լավ տիրապետում հայերենին:
- Յուրան և հայերեն գիտի, և անգլերեն: Շփվում ենք երկու լեզվով:
- Նա նաև «Կրասնոդարի»` «Կուբանի» գլխավոր մրցակցի գրոհների առաջատարն է: Բարեկամությունը կավարտվի՞:
- 90 րոպեով կվերածվենք հակառակորդի, իսկ խաղից հետո կրկին ընկերներ կլինենք:
03.02.2012, 14:19
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր