ARM   RUS   ENG

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը` ՀՀ 1-ին խոշոր հարկատու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ-ի Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: Այսպիսով` Հայաստանի խոշոր հարկատուների շարքում առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է (ԶՊՄԿ)՝ 29.8 մլրդ դրամ ցուցանիշով։ ԶՊՄԿ-ին ընդամենը 1 մլրդ դրամ չի բավականացրել՝ կրկնելու Հայաստանի պատմության մեջ երբևէ գրանցված առավելագույն ցուցանիշը, որը գրանցել է «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը՝ «Վիվա-Սել ՄՏՍ») ընկերությունը՝ 2008թ.՝ 30.8 մլրդ դրամ։ Այնուամենայնիվ, մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն կտրուկ վերելք է գրանցել՝ 5-րդ տեղից բարձրանալով 1-ին հորիզոնական և ընդհանուր առմամբ, պետական բյուջե վճարելով շուրջ 2.4 անգամ ավելի հարկ։

Ըստ հրապարակման՝ նախորդ տարվա առաջատար «Հայռուսգազարդը» հայտնվել է 2-րդ տեղում՝ 21.8 մլրդ դրամ ցուցանիշով։

Երրորդ տեղում «Ղ-Տելեկոմն» է 17.7 մլրդ դրամ ցուցանիշով։ Վերջինս ևս գրանցել է հարկային վճարումների աճ՝ 30%-ով։

Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորից ընդամենը 35 մլն պակաս է վճարել 4-րդ տեղում գտնվող «Ալեքս Գրիգը»։ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, որն իր մեջ ներառում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և ներմուծման ու արտադրության մի քանի ուղղություններ, 1 տարվա ընթացքում ավելացրել է հարկային վճարումները 10.7%-ով։

5-րդ տեղում «ԱրմենՏել» ընկերությունն է, որը վճարել է 12.6 մլրդ դրամ։ «Արմենտելը» 2011թ.-ին 15%-ով ավելի քիչ է հարկ մուծել, քան 2010թ.-ին։

6-րդ և 7-րդ տեղերում վառելիք ներկրող «Սիթի Պետրոլ Գրուպ» և «Ֆլեշ» ընկերություններն են՝ համապատասխանաբար՝ 10.5 և 10.4 մլրդ դրամ ցուցանիշով։ Թեև երկու ընկերությունների հարկային վճարումները նվազել են մեկ տարվա ընթացքում, սակայն նրանց վճարած ուղղակի հարկերը կտրուկ աճ են արձանագրել:
Մասնավորապես, եթե «Սիթի Պետրոլ Գրուպը» 2010թ. վճարել էր ընդամենը 7.8 մլն դրամ ուղղակի հարկ, ապա 2011թ.՝ 369.5 մլն, իսկ «Ֆլեշը»՝ 429.1 մլն դրամ՝ նախորդ տարվա 15.3 մլն-ի փոխարեն։

8-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որի հարկային վճարումները կազմել են 9.6 մլրդ դրամ, 9-րդ-ում՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 6.3 մլրդ դրամ և «Արմենիա» միջազգային օդակայանները»՝ 5.9 մլրդ դրամ։

2011թ. առաջին 100 խոշոր հարկատուները միասին վճարել են 299.7 մլրդ դրամ հարկեր, ինչը 13.7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նշենք, որ 2012թ. բյուջեով նախատեսված է հարկային հավաքագրումներն ավելացնել 101 մլրդ դրամով։
 

03.02.2012, 13:24

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |