ARM   RUS   ENG

«Ասպարեզ»-ը հարցեր ունի ոստիկանությանը

«2012թ. փետրվարի 3-ին ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ոստիկանության պաշտոնական բացատրությունն այն է, թե, իբր Հայկ Գևորգյանը հունվարի 13-ին վրաերթ է կատարել, քաղաքացուն թողնելով դեպքի վայրում, հեռացել տարածքից ու ոստիկանությունը 10 օր շարունակ որոնել է նրան:

Մեզ համար անհասկանալի է մնում, թե.
• ինչպես ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ խժռող ու մի քանի տասնյակ հազար աշխատակից ունեցող ոստիկանությունը չի կարողացել 10 օր շարունակ գտնել «հետախուզվող» Հայկ Գևորգյանին:
• ինչ հիմքերով է հայտարարվել Հայկ Գևորգյանի հետախուզումը, երբ նրա գտնվելու վայրը հայտնի է եղել. նա ամեն օր աշխատանքի է գնացել նույն ավտոմեքենայով, ամեն օր հոդվածներ է հրապարակել թերթում և խմբագրել թերթը, հավատարմագրով ելումուտ է արել պետական հիմնարկներ և մասնակցել կառավարության նիտերին:
• ինչու որևէ կարգավիճակով ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ուղարկվել Հայկ Գևորգյանին:

Մենք հիմնավոր ենք համարում «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի մտահոգություններն առ այն, որ օրաթերթի առաջատար լրագրողի նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսօր հայտարարում է, որ իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության, և նպատակ ունեն այլ լրագրողների ահաբեկմամբ հերթական անգամ սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում:

Չնայած այն ամենահնարավոր հանգամանքին, որ ոստիկանության այս հարձակումը նպատակ ունի խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, խորացնելու վախի միջավայրը հայաստանյան լրատվական դաշտում, «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ այս հերթական հարձակումն անպտուղ է լինելու. ոստիկանության հաշվարկը հերթական անգամ սխալ է, արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

Մենք, միանալով ազատ լրագրողական հանրության պահանջներին, պահանջում ենք փոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նրան»:
 

04.02.2012, 13:37

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |