ARM   RUS   ENG

Բարդուխ Գաբրիելյանը Վարդան Այվազյանին` 50 մլն չի, 3-3,5 մլն է

Օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կուսակցությունների տնտեսական պլատֆորմների քննարկման ժամանակ հայտարարել էր, որ իր բնապահպանության նախարար եղած տարիներին` 7 տարի շարունակ, պատվերներ է իջեցրել ՀՀ Գիտությունների ակադեմիային, որպեսզի գիտնականները համապատասխան հետազոտություններ անցկացնեն և պարզեն, թե արդյո՞ք խեցգետինների առկայությունը որևէ ազդեցություն է թողնում Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների բազմացման վրա:

Վարդան Այվազյանի հավաստմամբ, մինչ օրս հայ գիտնականները որևէ պատասխան չեն տվել. «50 մլն դրամ եմ տվել, բայց մինչև հիմա պատասխանը չկա»,- ասել էր Վ. Այվազյանը:

Նշենք, որ վերջին տարիներին նկատվում է Սևանա լճում խեցգետինների աճ, որը ըստ որոշ գիտնականների կարծիքի, խոչընդոտում է լճում այլ ձկնատեսակների, մասնավորապեսч իշխանի և սիգի բազմացմանը:

Aysor.am-ին ԱԳԳ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը պաշտոնապես հայտնեց, որ խեցգետինները որևէ կերպ չեն խոչընդոտում սիգի պոպուլյացիայի ավելացմանը. խեցգետինները լճում սանիտարի դեր են կատարում:

«Կարող եք ստուգել նախարարության հաշվետվությունները ու կարող եք համոզվել, որ 50 մլն չի տրամադրվել ակադեմիային, այլ այդ գումարը տրամադրվել է ընդհանուր ձկան պոպուլյացիայի վերականգնման համար»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
Ըստ նրա, այդ գումարի մեծ մասը տրամարդվել է ձկնային տնտեսություններին, որից ձկնկիթ կամ մանրաձուկ է գնվել, և այդ գումարը ուսումնասիրությունների հետ կապ չունի:

Սևանա լճի ձկնապաշարների ուսումնասիրության համար տրամադրվել է 3-3,5 մլն դրամ` պաշարները որոշելու համար, իսկ 50 մլն-ի մասին խոսք չկա:

«Ինքը շատ սխալվում է, որ ասում է, թե մենք ոչ մի եզրակացություն չենք տվել. Տվել ենք»,- հավաստեց գիտնականը:

Իսկ թե ինչու են Սևանա լճում սիգի և իշխանի պոպուլյացիաները նվազում, Բարդուխ Գաբրիելյանն ունի բացատրությունը` ոչ կառավարելի ձկան որսի, ասել կուզի` ձկնագողության հետևանքով, ինչն էլ «հենց նրա (Վարդան Այվազյանի) հսկողության տակ էր, թող ինքը պատասխան տա, թե ինչու է պակասել, և ոչ թե մեղքը գցեն գիտնականների վրա»:

Ինչ վերաբերում է Սևանա լճում ձկնատեսակների նվազման այլ տեսակետներին, Բ. Գաբրիելյանը նշեց, որ ամեն մեկը կարող է իր կարծիքը ասել, բայց չի նշանակում, թե այն ճիշտ է:

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից` ի պատասխան Aysor.am-ի հարցմանը, պատասխանեցին, որ «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակներում, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդոէկոլոգիայի գիտական կենտտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրերի համաձայն, պետական բյուջեից 2004թ-2007թթ հատկացվել է տարեկան շուրջ 4 մլն դրամ: Հետազոտությունները միտված են եղել` կատարել լճում կենսաբանական չափանիշների որոշում և պաշարների գնահատում, ձկան պաշարների հաշվառում, իրականացնել ձկան և խեցգետնի ապրելու պայմանների բացահայտում, Սևանա լճում խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում, պաշարների գնահատում, խեցգետնի պաշարների հաշվառում:

Նշենք, որ Բն-ից ստացված պաշտոնական պատասխանի մեջ նշված չէր, որ 2004-2007թթ ԲՆ-ն գումարներ է տրամադրել Կենդանաբանության և հիդոէկոլոգիայի գիտական կենտրոնին` Վարդան Այվազյանի վերոնշյալ` «թե արդյո՞ք խեցգետինների առկայությունը որևէ ազդեցություն է թողնում Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների բազմացման վրա», խնդիրը ուսումնասիրելու համար. Խնդիր, որի համար «50 մլն դրամ է տվել»:

Վարդան Այվազյանը մի բան է ասում, ԲՆ-ի պաշտոնական տվյալները` բոլորովին այլ. Նույնիսկ շատ հետաքրքիր է:

Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը ՀՀ բնապահպանության նախարար է եղել 2001-2007թվականներին: 

04.02.2012, 10:07

Գոհարիկ Ստեփանյան

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |