ARM   RUS   ENG

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8 տոկոս

ԿԲ խորհուրդն իր այսօր տեղի ունեցած նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ  2012 թ. հունվարին արձանագրվել է 3.6% գնաճ: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 4.8%՝ պահպանվելով 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Խորհուրդն արձանագրել է, որ Դրամավարկային քաղաքականության նոր՝ 2012 թ. առաջին եռամսյակի ծրագրում ներկայացված բազային սցենարի ներքո համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ առաջիկա ժամանակահատվածում չեն ակնկալվում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման առկա անորոշությունների պահպանմանը՝ առաջատար մի քանի երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դրական միտումներ և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ:

ՀՀ տնտեսության բազային սցենարով զարգացումները պահպանում են գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցությունը՝ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:

Նշվում է, որ տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
 

07.02.2012, 19:28

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |