ARM   RUS   ENG

Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից

Ասադի ընտանիքը փետրվարի 10-ի գիշերը դուրս է եկել Դամասկոսում նախագահական պալատից և ուղղվել դեպի ռազմական օդակայան: Ինչպես հաղորդում է Zman-ը, ընդդիմադիրները նկատել են մեքենաների շարասյուն, և կասկածելով, որ նրանցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, կրակ են բացել մեքենաների ուղղությամբ: Սակայն մեքենաները հասել են մինչև ռազմական ինքնաթիռը, որը մեկնել է անհայտ ուղղությամբ:

Ըստ տեղեկությունների, ավտոմեքենաներում եղել են նախագահի երեխաները, կինը և մայրը` Ինեսսա Ասադը: Նրանց հետ միասին ինքնաթիռ են բարձրացել Ասադի` բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող կողմնակիցներից ոմանց երեխաները: Ենթադրվում է, որ ինքնաթիռը կարող էր թռչել Սուդան կամ Եմեն, ապա շարունակել ճանապարհը դեպի Արևմտյան Եվրոպայի որևէ երկիր:

Նշենք, որ Ասադի կինը բրիտանուհի է և Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Սակայն դժվար թե նա իր երեխաների` 11-ամյա Հաֆեզի և 7-ամյա Կարիմի հետ ապաստան գտնի իր բարեկամների մոտ: Պատճառը նրա կասկածն է, որ սիրիական ընդդիմադիր ուժերը կառևանգեն երեխաներին:

Այս հաղորդագրությունը տարածվել է եգիպտական անվտանգության աշխատակիցների կողմից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեխաներին երկրից դուրս բերելու որոշումը կայացրել է նրա կինը: Ասադը համաձայնություն է տվել, վախենալով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից կարող է որոշում ընդունվել` փակել Սիրիայի օդային տարածքը:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ևս տեղեկություն էր տարածվել Ասադի ընտանիքի` երկրից հեռանալու մասին: Այդ ժամանակ ընդդիմադիր ուժերը նկատել են և կրակ բացել մեքենաների ուղղությամբ: Արդյունքում մեքենաները վերադարձել էին նախագահի նստավայր:
 

10.02.2012, 15:50

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |