ARM   RUS   ENG

ՀՀԿ-ն ի սկզբանե կողմ էր 100% համամասնական ընտրակարգին, սակայն...

 ՀՀԿ-ն ի սկզբանե եղել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի գաղափարի կողմնակիցը: Այդպիսի ընտրակարգին անցնելու հարցը երկար պատմություն ունի և մշտապես քննարկման առարկա է: Սա ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի տեսակետն էր:

Շարունակելով խոսել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին` ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ  նման ընտրակարգով աշխատում են երկպալատ խորհրդարանները, մինչդեռ միապալատ խորհրդարաններում ընդունված է խառը ընտրակարգը:

«Մենք այժմ հանգրվանել ենք բավական վճռորոշ կետում, և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թվի նվազեցումը կբերի ընդհանուր գաղափարի խաթարման»,-  ասաց  պարոն Մինասյանը:

Միևնույն ժամանակ ԱԺ պատգամավորը հետաքրքիր համարեց յուրաքանչյուր մարզից մեկ թեկնածու ունենալու հանգամանքը, սակայն ասաց, որ  պետք է ձայների հավասար բաշխման նոր մեխանիզմներ ընտրել. «Ճիշտ չի լինի, որ  մեկական թեկնածու ունենա և’ իր տարածքով ամենափոքր Վայոց ձորը, և’  չափերով մի քանի անգամ մեծ Լոռու մարզը»,- ասաց նա` պարզաբանելով, որ այս դեպքում հավասարակշռությունը կխաթարվի:

Համամասնական-մեծամասնական ընտրակարգերի միջև ընտրություն կատարելուց առաջ, Գ.Միանսյանը վստահ է, որ պետք է լուրջ քննարկումներ անցկացնել, սակայն  հարցը վերջնականորեն կվճռվի քվեարկությամբ:

«Կարծում եմ, որ  պետք է պահել մեծամասնական ընտրակարգը` աշխատելով վերացնել առկա խնդիրները: Եթե կարողանանք ստեղծել մթնոլորտ, որ յուրաքանչյուր ընտրող իր ձայնը կարողանա տալ իր նախընտրած թեկնածուին, ապա  ամեն բան կլուծվի»,-  ընդգծեց ԱԺ պատգամավորը:

10.02.2012, 14:50

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |