ARM   RUS   ENG

«Արտակարգ դրության դեպքում ԶՈՒ-ն պետք է ավելի զգոն լինի սահմանին»

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ընդունված է ամբողջ աշխարհում և այն որպես գործիք ուղղված է երկրի անվտանգությանը, պետականաշինության շարունակությանը: Խոսելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի մասին` նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

ՀՀ-ում այդ օրինագծի քննարկումը, Վ.Շիրխանյանի խոսքերով, ասոցացվում է «Մարտի 1»-ի դեպքերի հետ, ինչի պատճառով էլ քննարկումները սուր են: Այս օրենքը, ըստ նրա, պետք է ընդունվեր մեկ տարի առաջ, որպեսզի չկապվեր առաջիկա ընտրությունների հետ:

«ՀՀ ներքին զորքերը լիովին բավարար են, որպեսզի երկրում կարգ ու կանոնը պահպանվի և խաղաղություն լինի, իսկ արտակագ դրության գործողություններում բանակի ներգրավումը` հատկապես Հայաստանում, ճիշտ չէ: Հակառակը` արտակարգ դրության պայմաններում բանակը պետք է ավելի զգոն լինի սահմանների վրա»,- ընդգծեց Վ. Շիրխանյանը:

Միևնույն ժամանակ,  Վ.Շիրխանյանն ընդգծեց, որ երկիրը պետք է պարտադիր ունենա արտակարգ դրության մասին օրենք. «Քիչ հավանական եմ համարում այս տարի ընտրությունների ժամանակ Մարտի մեկյան իրադարձությունների կրկնությունը»:

Վ.Շիրխանյանը կարևորեց նաև, որ վերջին 2 տարում իշխանությունները ձեռնարկել են քայլեր` ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար. «Եթե առաջիկայում ձեռնարկված քայլերն ավելի լուրջ լինեն, ապա մինչև նախագահական ընտրություն, լարվածությունը, դժգոհությունն ավելի կմեղմանա, իսկ դրա համար պետք է դադարել դեմոկրատացման մասին խոսելուց և պետք է խոսել սոցիալ-դեմոկրատացման մասին` այսինքն փոխել տնտեսական կառավարման համակարգը»:
 

10.02.2012, 13:44

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |