ARM   RUS   ENG

Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

Փետրվարի 9-ի օրվա երկրորդ կեսից վերսկսված ու շարունակվող ձյան հետևանքների մաքրման ուղղությամբ երեկ երեկոյից ու անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքում իրականացվել ու շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունները` քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցների համապատասխան մեքենամեխանիզմների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Մաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 178 միավոր հատուկ տեխնիկա: Հաշվի առնելով շարունակվող առատ տեղումները, Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններին` ակնկալելով ձյան մաքրման աշխատանքներում սեփական տեխնիկայի ներգրավմամբ նրանց աջակցությունը:

«Նկատի առնելով, որ չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են նաև մաքրման աշխատանքները, օգտագործվող աղի ու ավազի ծավալների մասին տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ: Տեղեկացնենք նաև, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար կիրազեկվի»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

10.02.2012, 13:23

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |