ARM   RUS   ENG

ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում այսօր տեղի է ունեցել ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որին մասնկացում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ և Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

Հանդիպմանն ամփոփվել են 2011թ. արդյունքները, խոսվել 2012թ. գործունեության հիմնական ուղղությունների, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին:

ՏԿՆ հաղորդմամբ` փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2011թ. համակարգի գործունեությունը` նշելով, որ ընկերությունների գործունեության արդյունքում հաջողվել է կայուն ջրամատակարարում ապահովել: ՋՕԸ-երի սպասարկման տարածքում ավելացել են ոռոգվող հողատարածքները (նախորդ տարվա համեմատ մոտ 1000 հեկտարով ավելի), որոշակի աճ է արձանագրվել նաև հավաքագրումների մասով` կազմելով 3,76 մլրդ դրամ (նախորդ տարվա 3,56 մլրդ դրամի դիմաց) կամ հասույթի 82.7%-ը: Այդուհանդերձ, Ա.Գևորգյանը պահանջել է ընթացիկ տարում ավելի ինտենսիվ զբաղվել ձևավորված հասույթի դիմաց վարձավճարների ժամանակին և ամբողջական հավաքագրմամբ, ինչն ապահովում է համակարգի բնականոն գործունեությունը: Այս համատեքստում փոխվարչապետին առաջիկայում կներկայացվի նաև ոռոգման ջրի դիմաց 50 հազար դրամից ավելի պարտք ունեցող շահառուների ցուցակը, որոնց նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Անդրադառնալով 2012թ. անելիքներին` փոխվարչապետը ՋՕԸ-երի համար առաջնային է համարել անխափան և պահանջարկին համապատասխան ջրամատակարարման, արդյունավետ ֆինանսական վարչարարության և կարգապահության ապահովման հարցերը: Նա նկատել է, որ անցած տարի ենթակառուցվածքների վերականգնման մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ստեղծվել են ոռոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու պայմաններ, ուստի պահանջներն ու ակնկալիքները ևս բարձր են լինելու:

Ըստ աղբյուրի, Ա. Գևորգյանն ընկերությունների ղեկավարներին հորդորել է լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին, որպեսզի մեկնարկի հետ կապված դժվարություններ չառաջանան, և ընկերությունները պատրաստ լինեն պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովել: Հանձնարարվել է նաև մինչև ոռոգման շրջանի մեկնարկը պայմանագրեր կնքել սպառողների հետ` նշելով սպասարկվող հողատարածքի ծավալը, մշակվող կուլտուրայի տեսակը և այլն։

Հանդիպմանը ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին իրենց սպասարկման տարածքներում առկա իրավիճակի մասին:
 

11.02.2012, 14:52

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |