ARM   RUS   ENG

Երբ կյանքը կախված է գումարից

«Օգնություն Էլեն Քալաշյանին»: Այս հաղորդագրությունը րոպեների ընթացքում տարածվեց ինտերնետում: 30-ամյա աղջկա հետազոտման ժամանակ պարզվել էր, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, և բուժման համար խոշոր գումար է անհրաժեշտ: Հենց անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով էլ բուժումը հետաձգվեց, և հիմա Էլենի մոտ ի հայտ են եկել բարդություններ: «Իմ բուժման համար անհրաժեշտ է Հերցեպտին, որի յուրաքանչյուր սրվակը արժի 1. 200000 դրամ: Բուժումը բաղկացած է 19 սրսկումից, արդեն ստացել եմ 11 սրսկում միայն բարի մարդկանց օգնությամբ: Իսկ Հերցեպտինի կուրսը ստանալու դեպքում ապաքինումը երաշխավորվում է 95 տոկոսով»,- պատմում է Էլենը:

Աշխարհի մի շարք երկրներում Հերցեպտինը տրամադրվում է անվճար պետբյուջեի հաշվին: «Բնակչության սոցիալապես անապահով խմբին անվճար դեղերի հատկացումը իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկաների կողմից, թվով 293 անուն դեղ: Եթե հիվանդին նշանակվել է Հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա պոլիկլինիկայի տնօրենի կողմից նշանակվում է հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է տվյալ դեպքը և հատկացնում այն` անհրաժեշտության դեպքում»,- ասաց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Քրմոյանը:

Նրա հավաստմամբ` պետությունը հիվանդներին հատկացնում է Հիմնական դեղերի ցանկում չընդգրկված այդպիսի 47 թանկարժեք դեղամիջոց: «Դեղերի ցանկը ոլորտի առաջատար մասնագետների հետ վերանայվում է ամեն տարի, և ամեն տարի այդ ցանկը լրամշակվում է: Անցյալ տարվա ընթացքում Առողջապահության նախարարության կողմից հատկացվել է այդպիսի 417 դեղամիջոց: Իսկ մարդասիրական օգնությամբ հատկացված դեղերը տրվում են առանց սոցիալական որևէ խավի պատկանելության: Ինչպես նաև Ցածր պահանջարկ ունեցող, բայց կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկում պետության կողմից հատկացվում են ևս 27 դեղամիջոց»,- նշեց Ա. Քրմոյանը:

Էլենը դիմել է առողջապահության նախարարություն, բայց նրան անհրաժեշտ դեղամիջոցը գրանցված չի որևէ ցանկում: Այստեղ նրան նվիրել են Հերցեպտինի միայն 2 սրվակ: Էլենի հաջորդ սրսկումը փետրվարի 20-ին է, դեռևս հավաքվել է 367 հազար դրամ:

Հ.Գ. Անցյալ տարի «Նաիրի» բժշկական կենտրոնում դեղորայքի պատճառով գրանցվել էր մահվան դեպք: 23-ամյա աղջիկը քթի վիրահատության ժամանակ մահացել էր, պատճառը հիվանդությունն էր` Հիպերթերմիան, որը հայտանբերվում է 100-ից մեկ-երկուսի մոտ, և անհրաժեշտ թանկ դեղամիջոցը չսրսկելու դեպքում վիրահատվողի ջերմությունը անընդհատ բարձրանում է: Այդ դեղամիջոցը այսօր էլ ներառված չէ անվճար դեղամիջոցների որևէ ցանկում: Հիվանդանոցներում իմ շրջայցի արդյունքում պարզվեց, որ այն չկա որևէ հիվանդանոցում: Պատճառը ոչ տարածված հիվանդությունն է ու արագ փչացող դեղամիջոցը, որը դրա ձեռքբերումը դարձնում է անշահավետ:

11.02.2012, 15:31

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |