ARM   RUS   ENG

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում չի լավացել»

Հելսինկյան ասոցիացիան այսօր ներկայացրեց 2011թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը։ Ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշեց, որ Հայաստանում պետական մարմինները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի ու ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը չեն նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նրա խոսքերով` քրեակատարողական հիմնարկներում շարունակում է լուրջ խնդիր մնալ գերբեռնվածությունը, որ բանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի:

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում չի լավացել, հակառակը՝ վատացել է, և բարեփոխումների մասին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերը սուտ են»,- ասաց Միքայել Դանիելյանը՝ հավելելով, որ այդ ամենից կարելի է հետևություն անել` «Հրայր Թովմասյանն ընդհանրապես Հայաստանում չի ապրում»։

Մ. Դանիելյանը խոսեց նաև այն մասին, որ Արդարադատության նախարարությունը՝ «խախտելով օրենքը», իրենց արգելել է քրեակատարողական հիմնարկներում մոնիտորինգ անցկացնել. «Պատճառաբանությունն էլ գիտե՞ք ինչ է, որ մարդիկ դժգոհել են մեր նախորդ մոնիտորինգի զեկույցից»,- ասաց Միքայել Դանիելյանը:

Փաստաբան Նինա Կարապետյանցն էլ հայտարարեց, որ «Վճռաբեկ դատարան Հայաստանի քաղաքացու համար գոյություն չունի». «Բայց ամենատխուրն այն է, որ մենք կորցնում ենք նաև Վերաքննիչ դատարանը, որովհետև այստեղ բողոքի շրջանակներում է լսվում գործը. եթե այս ատյանում կան հնարավորություններ նորից լսել կողմերին, ապա այսօր Վերաքննիչ դատարանը վճռաբեկության կարգով է որոշել քննել գործը` դու կարդում ես բողոքը, նա էլ պատասխանում է բողոքին ու պաշտպանող կողմը հնարավորություն չունի պաշտպանվելու»,- ասաց Ն. Կարապետյանցը:
 

22.02.2012, 18:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |