Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գրիգորյանը:
Օրակարգում կար երկու հարց` «ՀՀ-ում արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման» հայեցակարգի ներկայացում և քննարկում, և հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված ամփոփ առաջարկությունների ներկայացում:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վ. Վարդանյանը: Ըստ բանախոսի` ուսումնասիրվել է շուրջ 10 երկրի փորձ, ապահովագրական տարբեր մոդելներ:
Առաջարկվում է սկզբնական փուլի համար ընտրել դժբախտ դեպքերի ապահովագրությունը մասնավոր ընկերությունների կողմից իրականացնելու տարբերակը, այնուհետև, համակարգը գործարկելուն զուգահեռ դիտարկել նաև մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրություն իրականացնելու ուղիները:
Հայեցակարգի հեղինակներն առաջարկում են ստեղծել ապահովագրական բյուրո, որի կազմում կլինեն ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գործատուների և աշխատավորների շահերի պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ճիշտ, հավասարակշռված որոշումներ կայացնել:
Ներկայացմանը հաջորդեց բուռն քննարկում, որի ընթացքում տրվեցին բազմաթիվ հարցներ հայեցակարգի բովանդակության վերաբերյալ, մտահոգություններ, որ ընդունելով ապահովագրության այս տարբերակը` պետությունը չի կատարի Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և Վերանայված սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները:
Նկատի ունենալով առկա տարաձայնությունները և հնչած կարծիքները` պարոն Գրիգորյանն առաջարկեց ընդունել ՀՀ գործատուների միության նախագահ Գ. Մակարյանի առաջարկը` հայեցակարգն ընդունել ի գիտություն, շարունակել քննարկումները` հաշվի առնելով գործընկերների առաջարկները և մոտ ապագայում նորից անդրադառնալ այս կարևորագույն հարցին:
Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը: Նա հնչեցրեց աշխատանքային խմբի առաջարկությունները, մասնավորապես` նկատի ունենալով, որ 2012թ. ապրիլի 27-ին լրանում է հանձնաժողովի լիազորության ժամկետը` լրամշակել հանձնաժողովի աշխատակարգը, որոշում կայացնել կոլեկտիվ նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության վերաբերյալ, հաջորդ նիստը գումարել մինչև ապրիլի 27-ը, հրավիրել լրատվամիջոցներ և հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքների վերաբերյալ:
Բոլոր առաջարկներն ընդունվեցին միաձայն:
Այս մասին հաղորդում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո ծառայությունը:
22.02.2012, 18:06
Aysor.am
18:49 • 22/05, Սիրիայի ընդդիմությունը մեղադրում է կառավարական զորքերին
18:28 • 22/05, Այրվում է ՀՀԿ գրասենյակի տանիքը
18:22 • 22/05, Քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ
18:14 • 22/05, Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նոր Նորքի նոր ղեկավարին
17:47 • 22/05, Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ՆԱՏՕ-ին 2014 թ.-ին
17:27 • 22/05, Հայտ է ներկայացրել 8 ընկերություն
17:20 • 22/05, Ռուբեն Հովսեփյանն ազատվեց պաշտոնից
17:11 • 22/05, Հելսինկյան ասոցիացիայի կայքը ենթարկվել է հակերային հարձակման
17:03 • 22/05, Դասընթացներ զորակոչիկների համար
16:55 • 22/05, Դ. Մեդվեդևը ստացել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամատոմս
Գլխավոր