17/03/2012 17:04
«Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»
ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն այսօր` ԲՀԿ 6-րդ համագումարին իր ելույթում նշեց, որ Հայաստանում ներկա քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտը կարելի է փոխել, և որպես առացքային խնդիրներ նա առաձնացրեց արտագաղթն ու Ղարաբաղի հարցը:
«Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար, քանի որ անհրաժեշտ է լուծել Հայաստանի առջև ծառացած երկու խնդիր՝ երկրի տնտեսական վիճակը և ԼՂ հարցը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած մարդահամարի տվյալների` Հայաստանում բնակվում է 2 մլն 871 հազար մարդ։ Իսկ դա նշանակում է, որ մենք իջել ենք 3 մլն բնակչություն ունենալու հոգեբանական շեմից: Եվ եթե մոտ ապագայում չփոխվի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա արտագաղթը կշարունակվի: Ինչո՞ւ են մարդիկ հեռանում: Հեռանում են, քանի որ կորցրել են հավատը ապագայի նկատմամբ, հոգնել են անարդարությունից, կորցրել են վստահությունը:
Վիճակը շտկելու համար պետք չէ փոխել Սահմանադրությունը կամ գրել նոր օրենքներ, փոխարենը պետք է քաղաքական կամք դրսևորել և կյանքի կոչել առկա օրենքներն ու Սահմանադրությունը: Ժողովրդավարության հիմնական սկզունքների պահպանումն է երկրի հաջողության և զարգացման միակ գրավականը: ԲՀԿ-ի հիմնական ուղենիշն է` առաջիկա 5 տարիներին խթանել տնտեսությունը` ստեղծելով նոր աշխատատեղեր, ստեղծել ազատ մրցակցային տնտեսություն, ապահովել արժանավայել կյանք: Դա է միակ ճանապարհը դեպի արդար պետություն»։
Վարդան Օսկանյանի խոսքով Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է, և միջազգային հանրությունը եթե ոչ ինքնորոշումը, ապա ԼՂ ինքնորոշման իրավունքն արդեն ճանաչել է:
«Եթե այս 20 տարիների ընթացքում մենք մի բան դարձրել ենք անշրջելի և միանշանակ, դա այն է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսօր մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք հաղթել դիվանագիտական ոլորտում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից անցնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն ինքնորոշված փաստի ճանաչմանը, բայց դա անելու համար ես կարծում եմ, որ հիմնական նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը և Ղարաբաղը լինեն ժողովրդավարական արժեքներով երկրներ, և իսկապես այդ արժեքներով իսկականորեն մտնեն Եվրոպական մեծ կառույց»: