21/03/2012 16:00
Հաշմանդամների կենսամակարդակի բարելավման ծրագիր
Հայաստանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) ծրագիրը: Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, կարևորելով ծրագրի մեկնարկը, հայտնեց, որ դեռ Միացյալ նահանգներում իր ընտանիքը աջակցում էր հաշմանադմություն ունեցող անձանց և այսօր Հայաստանում նա ևս պատրաստակամ է ցուցաբերել իր աջակցությունը: «Առաջնահերթ խնդիրը գործընկերության մթնոլորտի ձևավորումն է», - նշեց նա: LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովայի հավաստմամբ, ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք:
«Փրկեք երեխաներին» (“Save the children”) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, փաստեց, որ պաշտոնապես գրանցված շուրջ 179 հազար հաշմանդամություն ունեցող անձանցից միայն 8-9 տոկոսն են, որ աշխատանք ունեն: Նրա հավաստմամբ, հաշմանդամների ընդհանուր թվում զգալի մաս են կազմում նաև երեխաները` շուրջ 5-6 հազար: «Թեև կառավարության կողմից շարունակական քայլեր են ձեռնարկվում հաշմանդամների վիճակը մեր երկրում բարելավելու ուղղությամբ, սակայն դրանք բավարար չեն: Դեռ գործում է հաշմանդամություն ունեցող անձի մեկուսացում, նաև հասարակական կյանքից, իրավունքների խախտում, հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր անձինք կարող են կրթություն ստանալ, զբաղվել սպորտով, մասնակցել հասարակական գործունեությանը», - նշեց նա: Ըստ Իրինա Սաղոյանի, հաշմանդամություն ունեցող անձանց համար կարևորը ոչ թե հաշմանդամության նպաստներն են, այլ հասարակության մեջ լիիրավ ինտեգրվելը և աշխատանքը` ըստ իր հնարավորությունների:
Ըստ Ջ.Սարգիսովայի` ծրագրի ռազմավարական խնդիրն է արդյունավետ մոդելի մշակումը` Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հնարավորություններով ապահովելու համար: «Կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց անհատական գնահատում, հմտությունների խթանում և աշխատանքի տեղավորում, ինչպես նաև նախատեսված է ծառայություններ մատուցողների, ՀՈՒԱԿ-ների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողություների զարգացում` հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար»,-ասաց նա:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է նաև խորհդրատվություն ՀՀ կառավարությանը` հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային հնարավորությունների ռազմավարության ռազմավարության և քաղաքականության մշակման, իրականացման մասին: Այն այսօր շնորհանդեսին ներկայացրեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և «Փրկեք երեխաներին» (“Save the children”) կազմակերպությունը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:
Ծրագրի մասնակիցներն են լինելու 18-64 տարեկան տղամարդիկ և կանայք, ներառյալ հաշմանդամություն ունեցող մեծահասակները, երիտասարդներն ու ավարտական դասարանների հատուկ կարիքներ ունեցող երեխաները:
Մասնակիցներից է նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն իր կենտրոնների ցանկով: Ծրագիրն իրականացվելու է 3 տարվա ընթացքում` Երևանի 10 համայնքներում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի և Շիրակի մարզերում: