ARM   RUS   ENG

Ադրբեջանական կողմի կրակոցներից երկու հայ զինվոր է վիրավորվել

Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:

«Վերոնշյալ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և, ցինիկաբար անտեսելով Ժնևյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաև սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան», նշում է աղբյուրը: 

26.04.2012, 11:32

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |