02/06/2012 16:34
Թուրքիայում ավարտվել է «Միսս 7 մայրցամաք» մրցույթը
Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում մայիսի 20-30 անցկացվել հայկական ծագմամբ միջազգային 4-րդ «Միսս 7 մայրցամաք» գեղեցկության և նորաձևության մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են 20 երկիր: Մրցույթը Թուրքիայում անցկացվում է երկրորդ անգամ, ևս երկու անգամ այն անցկացվել է Հայաստանում: Մրցույթի հեղինակ և կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանի խոսքերով` իր մրցութը զերծ է քաղաքականությունից և Բոդրոմում պայմաններ ինքն է թելադրել:
«Ոչ մի քաղաքականություն չկա: Ծով, նավ, հունական ափեր, 24-ժամյա սնունդ, անվտանգության ապահովում, ուղղակի նորմալ պայմաներ են առաջարկվել: Մեր տեսանյութերում լավ երևում է, որ հիմնականում հայկական դրոշ և տարազներ են բեմում, և ես եմ որոշել, թե ժյուրիի կազմում ով լինի: 2 տարվա ընթացքում մեզ վրա որևէ ճնշում չի եղել»,- ասաց նա:
Նրա խոսքերով` բացասական մեկնաբանություններից խուսափելու համար նա Թուրքիայում չի հանդիպել նաև պաշտոնատար անձանց հետ:
Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 28-ին: «Միսս 7 մայրցամաքում» հաղթող է ճանաչվել «Միսս Թաթարստանը», վիցե-միսս հորիզոնականը գրավել է Թուրքիայի ներկայացուցիչը: Մրցույթի պատմության 5 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայի ներկայացուցիչը մտել է թոփ 5 մեջ: 3-րդ հորիզոնականը գրավել է Ղազախստանի, 4-րդը` Պորտուգալիայի և 5-րդը` Լիտվայի ներկայացուցիչը: Հայ մասնակիցը` 23-ամյա Անի Ջառահյանը, ստացել է «Միսս համերաշխություն» հատուկ մրցանակը, որի հաղթողին ընտրում են մասնակից աղջիկները. «Ի դեպ, 2010 թ. Հայաստան է եկել նաև Թուրքիայի մասնակիցը և միանգամայն գոհ հեռացել այստեղից»,- ասում է Ա. Խաչատրյանը:
Մրցույթին ներկա են եղել ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչները աշխարհի տարբեր երկրներից: 1-ին և 2-րդ հորիզոնականների հաղթողներին տրվել է հանգստի ուղագիր և այլ նվերներ: Մրցույթը նախորդ 2 տարիներին կազմակերպվել է Հայաստանում. Ա. Խաչատրյանի խոսքերով` հովանավոր գտնելը այստեղ ավելի դժվար է: «Ես անկուսակցական եմ, բացի այդ այստեղ նման մրցույթ անցկացնելու համար պետք է հովանավոր ունենալ, իսկ ես չեմ ուզում որևէ մեկից կախում ունենալ»,- ասաց նա:
Նրա խոսքերով` մրցույթը հաջորդ տարի առաջարկ կա անցկացնել Չինաստանում, սակայն ավելի հավանական է, որ այն կանցկացվի Հայաստանում: