12/06/2012 15:51
ԵՊԼՀ նոր ռեկտորը Գայանե Գասպարյանն է
«Շնորհավոր, շնորհավոր», այսպիսի ողջյուններով և ծաղիկներով ԵՊԼՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը դիմավորեցին ԵՊԼՀ նոր ռեկտորին: Նրանք անհամբեր էին և անգամ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ դժգոհում էին, որ իրենց հերթ չի հասնում շնորհավորելու նորընտիր ռեկտորին:
Հանձնաժողովի որոշմամբ, ԵՊԼՀ նոր ռեկտորը Գայանե Գասպարյանն է, ով մինչ այդ կատարում էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Մյուս թեկնածուն` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը նիստի ընթացքում ինքնաբացարկ է հայտարարել և հեռացել դահլիճից:
Գ.Գասպարյանի խոսքով, հուզմունք, ամեն դեպքում կար, քանի որ երկու թեկնածու էին առաջադրվել: Հարցին, թե ինչով է հույս ներշնչել հանձնաժողովի անդամներին և ինչ է պատրաստվում անել ամենասկզբում, նա նշեց, որ շարունակելու է սկսածը: «Չգիտեմ ինչու են ինձ ընտրել, երևի թե իմ ծրագրով ես կարողացա գրավել խորհրդի անդամների ուշադրությունը և այն ծրագրերով, որ գծել եմ այս 5 տարիների համար: Գործ արդեն շատ եմ արել այս 1.5 ամսվա ընթացքում, պետք է շարունակենք մեր գործունեությունը: Ամենակարևորը բարոյահոգեբանական վիճակի հարթեցումն է բուհում, որ մարդիկ հանգիստ մտնեն համալսարան, ժպիտը դեմքներին»,-ասաց նա:
Անդրադառնալով այսօր համալսարանում հնչած այն հայտարարություններին, որ ինքը դրածո է, նա նշեց, որ երևի թե միակ ռեկտորն է, որ ընտրվել է արդար ճանապարհով: «Մի քանի հոգու ընդդիմությունը ինձ վախ չի ներշնչում այս պարագայում, ինչ վերաբերվում է դրածո լինելուն, ես չեմ կարող դրածո լինել, երևի թե այն հազվագյուտ ռեկտորներից եմ, որ առանց որևէ բանի, ամենաարդար ձևով եմ ընտրվել ռեկտոր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն աշխատանքից ազատվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` երկու խիստ նախազգուշացում ստանալուց հետո: