12/06/2012 11:30
ԵՊԼՀ-ում այսօր կընտրեն նոր ռեկտորին
Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կկայանա ԵՊԼՀ Խորհրդի նիստ, որի ընթացքում կանցկացվեն ռեկտորի ընտրություններ:
Ռեկտորի թափուր մնացած պաշտոնի համար կմրցեն երկու թեկնածու` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը և Գայանե Գասպարյանը, ով նաև ներկայումս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Բուհի մամուլի ծառայության փոխանցմամբ, խորհրդի նիստը փակ է և դրան կարող են մասնակցել միայն Խորհրդի անդամները:
Ընտրության արդյունքները պարզ կդառնան նիստից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր իրավունքները վերականգնելու համար հայցադիմումներ է ներկայացրել դատարան: Սուրեն Զոլյանը համարում է, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու որոշումը անօրինական է, իսկ ռեկտորի նոր ընտրությունները` ոչ օրինական: